Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ու թիմը հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն, հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը: Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից մասը երբևէ մոռանա այն ողջ պատուհասը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր երկրի ու ժողովրդի գլխին:

Ընդ որում, խոսքը միայն պատերազմի ու պարտության մասին չէ: Խոսքն ընդհանրապես անցած երկուսուկես տարվա մասին է: Հանրությունը հազիվ թե մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժպիտ բերել մարդկանց դեմքերին, բայց բերեց տխրություն, ցավ ու արցունք: Խոստացավ աննախադեպ ապահովություն, բերեց աներևակայելի անապահովություն, պատերազմ ու անմեղ զոհեր, վտանգ, որ շարունակվում է ամեն օր:

Խոստացավ բարեկեցություն, բայց բերեց գնալով մեծացող աղքատություն ժողովրդի մեջ և բարեկեցություն միմիայն իր թիմին: Խոստացավ սեր ու հանդուրժողականություն, բայց բերեց չարության, թշնամանքի ու ատելության աներևակայելի «դոզա», որի ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու: Խոստացավ, որ Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին:

Վերջապես խոստացավ, որ պաշտոնը կթողնի, երբ հանրային պահանջ կլինի, սակայն շարունակում է ամուր կառչել աթոռից, երբ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ հասարակության գերակշիռ, այսինքն՝ գիտակից մասը հստակ պահանջում է նրա հրաժարականը: Այնպես որ, հազիվ թե հնարավոր է մոռանալ տալ այս ամենը, ի վերջո, եթե այսօր բոլորը չեն շոշափելիորեն զգում նշյալի հետևանքներն իրենց մաշկի վրա, ապա շատ մոտ ապագայում կզգան: Դե, գուցե բացառությամբ իշխանավորների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից