Հասարակություն 

Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովին բարձրաձայնել է հայ ռազմագերիների հարցը. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:

Ավելին, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավարը նախատեսում է առաջին հնարավորության դեպքում այցելել տարածք և իր աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: «Առաջին հնարավորության դեպքում նախատեսում եմ այցելել տարածք, քանի որ համաճարակային պայմաններն այս պահին դա թույլ չեն տալիս: Ես իմ պարտքն եմ համարում պարզել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ», – նշեց նա:

Եվրախորհրդարանի պատգամավորի համար ևս կարևոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեռևս ամբողջությամբ չի իրականացվել, և ադրբեջանական կողմում կան հայ ռազմագերիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հանցագործներ, քանի որ նրանք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո:

Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաև Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնությունները կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից