Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես ուզում եմ վերջին պատասխանը Ձեզանից որպես տղամարդ ստանալ. ԲՀԿ-ական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

Հունվարի 20-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց Ստեփանակերտում արած հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է ու վերջ. «Այսօր ՀՀ քաղաքացիներին, Սփյուռքի հայերին ու Արցախի քաղաքացիներին հետաքրքրում է՝ այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարութամբ արտահայտել է հայկական դիրքորոշումն ու ընկալումն Արցախյան հարցին. «Ինչպես ասել եմ նաև հունվարի 11-ին Մոսկվայում, Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, դա պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: Ուրախ եմ, որ ՄԽ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշումը»:

«Պարոն Փաշինյան, ես հիմա ձեզ չեմ ուզում դիմել որպես վարչապետի, ուզում եմ դիմել ինչպես տղամարդը տղամարդուն: Այսօր մենք բոլորս ենք հասկանում, որ դուք որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք: Պատմությունը ցույց է տալիս, թե նման դեպքերում գլխավոր հրամանատարն ինչ պետք է անի: Դուք պատրաստվում եք արդյո՞ք գնալ Ստեփանակերտ, դուք ընդունում եք արդյո՞ք, որ Արցախի բոլոր տարածքները մերն են: Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ: Ես ուզում եմ վերջին պատասխանը ձեզանից որպես տղամարդ ստանալ: Արցախը ձեզ համար Հայաստան է, թե՝ չէ»,-հարցրեց Դալլաքյանը:

«Ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ և Ղարաբաղի շարժման ամբողջ նպատակն ու տրամաբանությունն արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ: Մեր խնդիրն այսօր Հայաստանի ու Արցախի շուրջ կայունություն, անվտանգություն ապահովելն է: Այդ ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կարվեն»,-պատախանեց Փաշինյանը:

 

 

Նույն շարքից