Քաղաքականություն 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 21-ինհեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին Analitik.am տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:

Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը:

Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից են եղել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը:

Նախարար Այվազյանն ընդգծել է, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:

Նույն շարքից