Հասարակություն 

Բյուրականի աստղադիտարանը մերժել է իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանի նախաձեռնություն

 

Հունվարի 21-ին, տեղի է ունեցել ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված է եղել աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։ Ժողովին առցանց ներկա են եղել նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արսեն Հախումյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժինը:

«Նման օրակարգի պատճառը Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի նամակն էր ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին, որում նա առաջարկում է աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ։ Պայմանավորված այդ նամակով՝ ԳԱԱ նախագահությունը դիմել էր ԲԱ աշխատակիցներին վերջիններիս կարծիքն իմանալու համար։ Հիշեցնենք, որ նույնանման նամակով Հ․ Հովհաննիսյանն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և աստղադիտարանի կոլեկտիվն իր հստակ դիրքորոշումն էր հայտնել մնալ ՀՀ ԳԱԱ կազմում։

Ժողովի ժամանակ ներկայացվեց վերոնշյալ նամակը, ինչից հետո ԲԱ տնօրեն Ա․ Միքայելյանը անդրադարձ կատարեց ԲԱ գործունեությանը, արդյունավետությանը, նվաճումներին և խնդիրներին։ Այնուհետև ելույթ ունեցան ԲԱ 10-ից ավելի գիտաշխատողներ, ովքեր իրենց մտահոգությունը հայտնեցին ստեղծված իրավիճակի մասին՝ համոզմունք հայտնելով, որ նման անհիմն նամակներն ուղղված են գիտության քայքայմանն ու արժեզրկմանը, Ազգային արժեքի կարգավիճակ ունեցող ԲԱ թուլացմանը։

Ժողովի ընթացքում հնչեցին տարբեր առաջարկներ, ԲԱ գիտաշխատողները և մյուս աշխատակիցները հույս հայտնեցին, որ այս հարցը չի դառնա շահարկումների առարկա և կարժանանա համապատասխան գնահատականի։

Ժողովի վերջում անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում պարզ դարձավ, որ բոլորը միաձայն նպատակահարմար են համարում Բյուրականի աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալը։

Բյուրականի աստղադիտարանն անկախ ներկա իրավիճակից շարունակելու է աշխատել իր բնականոն հունով՝ հանուն գիտության և ի շահ Հայաստանի»,- ասված է Բյուրականի աստղադիտարանի մամուլի հաղորդագրության մեջ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից