Տեսանյութեր Քաղաքականություն 

Քանի որ տիկին Մակունցը կին է, ես չեմ ցանկանում շատ ավելի խիստ գնահատականներ հնչեցնել. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

 

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս բողոքել է, որ դեսպանները նշանակվում են ծանոթ-բարեկամ սկզբունքով, իսկ երբ դարձավ վարչապետ, հայտարարեց, որ դեսպաններ պետք է նշանակվեն միայն պրոֆեսիոնալ դիվանագետները: Սակայն հիմա ամենակարևոր երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, ով ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն: Սա աղետ է: Մենք ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ունենք մի մարդու, ով անում է այն ամենի հակառակը, ինչը քարոզել է որպես ընդդիմադիր գործիչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքերով, մենք այսօր ունենք կազմաքանդված պետություն ու ամեն նման որոշումը հարված է մեր պետությանը:

Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանն ուզում է ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, քանի որ հասկանում է, որ գալու է քաղաքական ու իրավական պատասխան տալու ժամանակը:

Պատգամավորը նկատեց, որ իշխանափոխությունից հետո այդ կադրերն անպայման ետ են կանչվելու, սակայն նրանք կարող են մնալ այդ երկրներում, չվերադառնալ Հայաստան, զերծ մնալ քրեական ու իրավական պատասխանատվությունից:

Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօրվա արտգործնախարարը կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հանձնարարականները, իրեն տեղեկություններ են հասնում, որ նախարարությունում լարված իրավիճակ է, ինչը բնական է, քանի որ ԱԳՆ-ում կան բավականին պրոֆեսիոնալ գործիչներ:

Պատգամավորը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի հնարավոր պաշտոնանկության մասին՝ հայտարարելով, որ վերջինս անպայման հեռանալու է:

Վերադառնալով Լիլիթ Մակունցի հնարավոր նշանակմանն ու վերջինիս հայտարարությանը, թե փորձը կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի՝ Զոհրաբյանը հայտարարեց, թե չգիտի ինչ նկատի ունի Մակունցը դա ասելով. «Այդ տպավորությամբ ես առաջարկում եմ իմ ֆրանսերենի դասախոսին՝ Մելքոնյան Շուշանիկին առաջարկենք Ֆրանսիայում ՀՀ դեսպան:

Քանի որ տիկին Մակունցը կին է, ես չեմ ցանկանում շատ ավելի խիստ գնահատականներ հնչեցնել, բայց ես ասում եմ, որ այս ու նմանօրինակ նշանակումներով ուղղակիորեն զրոյացվում է Հայաստանի միջազգային հեղինակությունը»:

Զոհրաբյանի համար տարակուսելի չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշել է փոխել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. «Ես Նիկոլ Փաշինյանի ճանաչում եմ, նա կարող է մի օր արթնանալ ու որոշել հերթական ռակիրովկան անել: Ես կարծում եմ, որ ինքը փորձում է իր յուրայիններին հանել երկրից, ովքեր անպայմանորեն կանգնելու են քրեական պատասխանատվության առաջ: Իսկ խմբակցության ղեկավարն առանցքային պաշտոնյաներից մեկն է: Չի կարելի ուղղակի լավ անգլերեն իմացողին նշանակել դեսպան»:

Զոհրաբյանը չբացառեց, որ դեսպանների փոփոխություն կլինի նաև այլ երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և այլն:

Պատգամավորը կարծում է, որ Լիլիթ Մակունցը գտնվում է ու մշտապես գտնվելու է ամերիկյան ազդեցության տակ, ուստի չի կարծում, որ առնվազն Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ընդվզի այս նշանակմանը:

Նույն շարքից