Որպեսզի հասկանանք Շուշիի նշանակությունը, պետք է հասկանանք, թե ինչու էր այն 1992 թվականի մայիսի 8-ի դրությամբ ադրբեջանաբնակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միհրան Հակոբյանը:
Հակոբյանը նշեց, որ 1920 թվականին Շուշին հայաթափվում էր թուրք զինվորականների օգնությամբ, իսկ այդ զինվորականներն էին Խալիլ Քութ փաշան և Նուրի փաշան, նրանցից առաջինն Էնվեր փաշայի հորեղբայրն էր, երկրորդը՝ Էնվերի եղբայրը. «Խալիլ փաշան մինչև կյանքի վերջը պարծենում էր 300 հազար հայ սպանելու ու Հայոց ցեղասպանությանը մասնակցելու համար: Այդ մարդիկ Շուշիում են եղել ադրբեջանցիներին իրենց փորձը փոխանցելու համար»:
Հակոբյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը խորհրդայնացել է 1920 թվականի ապրիլին. «Երբ Կարմիր բանակը մտավ Բաքու, արագ խորհրդայնացրեց երկիրը: Հարց է առաջանում, թե որտեղ էր այդ ժամանակ ադրբեջանական բանակը: Այն Շուշիի մոտակայքում էր՝ թուրք զինվորականների գլխավորությամբ:
Թուրքերը բացատրել էին Ադրբեջանին, որ անհնար է դիմակայել աշխարհաքաղաքական զարգացումներին: Նրանք ասել են, որ բոլշևիկներն ու քեմալականները պայմանավորվել են, Ադրբեջանն անցնելու է բոլշևիկներին, Կարսն ու Սուրմալուն՝ քեմալականներին, ավելի լավ է ռեսուրսը տանել Ղարաբաղ, հայաթափել, Շուշիի հարցը լուծել, ինչից հետո հարցը լուծելու համար ավելի բարենպաստ պայմաններ կլինեն:
Շուշին Արցախի սիրտն է ու բանալին, այնտեղ նստողը տիրապետում է մինչև Արաքսի հովիտ: Թուրքերի համար Շուշին կարևոր է նաև նրանով, որ այնտեղից մինչև Սյունիքի մարզ կապը վերահսկվում է Շուշիից: Պատահական չէ, որ Շուշիի ազատագրումից մեկ շաբաթ հետո ազատագրվեց նաև Լաչինը»:
8 2 - 10Shares