Առողջապահություն 

Զինվորների վերականգնմամբ զբաղվող հայ բժիշկները հատուկ վերապատրաստում են անցնում

analitik.am

 

Բժիշկ ռեաբիլիտոլոգ Վադիմ Մուխամետզյանովը եկել է Ռուսաստանից՝ զինծառայողների վերականգնմամբ զբաղվող հայ մասնագետներին վերապատրաստելու համար։

Նրանց սովորեցնում է՝ ինչպես օգտագործել «Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը, որը շուտով գործարկվելու է Հայաստանի և Արցախի մի քանի բուժհաստատություններում։ Սարքավորումը նվիրաբերել է «ՎԻՎԱ» բարեգործական
հիմնադրամը։

«Այսօրվա դրությամբ ամենակարևոր խնդիրը զինվորների վերականգնումն է, և ըստ այդմ մի քանի ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, որոնցից մեկը հենց այս ծրագիրն է մասնագետների պատրաստման և զինվորների վերականգնողական
աշխատանքներով զբաղվող կենտրոնների սարքավորումների բազայի արդիականացման համար»,-ասում է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը:

Ռուս բժշկի հետ 5-օրյա դասընթացն անցկացվել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում, որտեղ ևս օգտագործվելու է այս սարքավորումը։ Դասընթացին մասնակցել են կինեզոթերապիստներ Երևանից, Գյումրիից և Արցախից։

«Հենց դեկտեմբեի 31-ին ստացանք այս սարքավորման մի քանի օրինակ, որոնք նախատեսվում են բաշխել Հայաստանի մի քանի բուժկենտրոններով», - ասում է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի
տնօրեն Տիգրան Վահրամյանը:

«Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը հնարավորություն է տալիս մարմնի շարժումներ կատարել առանց ձգողության՝ օգնելով հիվանդին օդում կախված վիճակում շարժել մկանները։

«Քանի որ մեր զինծառայողների մոտ մեծամասամբ կան նյարդամկանային, հոդային վնասվածքներ, շատ արդիական է այս սարքավորումը վերականգնման գործընթացում ավելի արագ և դրական արդյունքներ ունենալու համար»,-ասում է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրեն Տիգրան Վահրամյանը:

Գիտահետազոտական ինստիտուտում այժմ բուժվում է ավելի քան 100 զինծառայող։

Հիմնադրամը շարունակելու է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել և օգնել զինծառայողներին ապաքինվել շատ ավելի արագ։

 

Նույն շարքից