Քաղաքականություն 

Նոր մանրամասներ՝ Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպումից

analitik.am

 

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա:

Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշեց, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

«Իրանը և Հայաստանը` որպես երկու հին քաղաքակրթություններ, մշտապես լավ հարաբերություններ են ունեցել՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության վրա: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք բազմաթիվ վերելքներ և անկումներ ենք ունեցել, սակայն դրանցից միշտ պատվով ենք դուրս եկել:

Մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան օրերը, ամիսները, տարիները և նույնիսկ դարերը, և այդ պատմության ընթացքում մենք կանգուն ենք մնացել ու կանք և միշտ եղել ենք բարեկամներ: Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ, և վստահ ենք, որ այդպիսին էլ կշարունակեն մնալ»:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին առկա քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների առավել ակտիվացման կարևորությունը։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ:

Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:

Իրանի ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջը հրավիրեց այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:

 

Նույն շարքից