Հասարակություն 

Ապագա բժիշկը մեկնել էր ռազմաճակատ «Արծիվ 30 Արարատ» մահապարտների ջոկատի հետ

 

Բժշկական և ռազմական գիտելիքները ուժ ու խիզախություն տվեցին Արթուր Գինոսյանին առաջնագծում

Պատերազմը փոխեց շատ ապագա բժիշկների կյանքը, ապրելակերպը, ճակատագիրը: ԵՊԲՀ շատ սովորողներ խուսափում են խոսել իրենց կատարած հերոսություններից, մի մասն էլ հակիրճ է պատմում մարտի դաշտում անցկացրած օրերի մասին:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Արթուր Գինոսյանը ռազմաճակատ է մեկնել սեպտեմբերի 27-ին, քանի որ գիտեր, որ պետք է իր բժշկական և ռազմական գիտելիքներն օգտագործի առաջնագծում:

«Իմ պարտքն էր րոպե շուտ հասնել տղաներին: Ինձ հետ վերցրել էի մեծ քանակությամբ դեղեր, որոնցով առաջին բուժօգնություն էի ցուցաբերում դիրքում, վիրակապում էի, ցավազրկում, մինչև բուժծառայության մեքենան կհասներ և կտեղափոխեր նրանց հոսպիտալ»,- պատերազմում իր մասնակցության մասին է պատմում ապագա բժիշկը:

Մեկնելու նույն օրվա գիշերը հասել են Ստեփանակերտ, որտեղից տեղափոխվել են Մարտակերտի դիրքեր: Ապագա բժիշկը մեկնել էր ռազմաճակատ «Արծիվ 30 Արարատ» մահապարտների ջոկատի հետ, որի կազմում են Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցներ, ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ինչպես նաև հատուկ ջոկատներում ծառայած պահեստազորայիններ: Նրանց հիմնական գործը թեժ կետերում մարտական գործողություն վարելն էր:

Երիտասարդի՝ կռիվ գնալու պատճառներից մեկն էլ փորձն էր, որն արդեն ձեռք էր բերել Ապրիլյան պատերազմում: Այստեղ նրա համար ևս մեկ անգամ հաստատվել է այն ճշմարտությունը, որ միասնականությունը կարևոր է բոլոր հարցերում՝ հատկապես պատերազմում:

«Մեր հույսը մեր հավատքն էր, հավատը մեր ուժերի նկատմամբ: Մենք գիտեինք՝ ինչի համար ենք կռվում. հայրենիքի, ոչ թե զուտ հողակտորի համար»,- ընդգծում է սովորող մարտիկը:

Արթուր Գինոսյանը ծնվել է 1996թ. ապրիլի 29-ին Վանաձորում, սովորել է 6-րդ դպրոցում, այնուհետև բնագիտամաթեմատիկական թեքումով դպրոցում: Բժիշկ դառնալու որոշում կայացրել է 11-րդ դասարանում: Շատ է սիրել քիմիա և կենսաբանություն առարկաները: 2013 թվականին ընդունվել է ԵՊԲՀ, 2014-2016թթ.. ծառայել է ՊԲ զինված ուժերում, ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակում է մինչ օրս:

Մինչև պատերազմը մտածում էր մանկաբույժ դառնալու մասին, սակայն այժմ առավել հետաքրքրված է միկրովիրաբուժությամբ և էնդոսկոպիկ վիրաբուժությամբ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից