Հասարակություն 

«Քո վերջն էլ է այսպես լինելու»․ հայամետ լեհ իրավաբանն Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում

 

Լեհ քաղաքական գործիչ Բուչեկը պատերազմի առաջին օրերից ստորագրահավաք նախաձեռնեց՝ Ադրբեջանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու համար։ Պատերազմի ավարտից հետո էլ նա չդադարեցրեց պայքարը հանուն արդարության։ Sputnik Արմենիան բացառիկ հարցազրույց է անցկացրել լեհ գործչի հետ։

Ադրբեջանը հերթական անգամ փորձել է նավթադոլարներով քողարկել իր երկրի ռազմական հանցագործությունները։ Այս անգամ էլ 50․000 դոլար են առաջարկել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկի լռության համար։ Բանն այն է, որ մի քանի օրից Լեհաստանում լույս կտեսնի նրա «Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ընդդեմ հայերի․ Արցախ–2020» գիրքը։ Այն պատմում է հայ ռազմագերիների հանդեպ ադրբեջանցիների անմարդկային, հանցագործ վերաբերմունքի մասին։

«Ադրբեջանի կառավարությունը քեզ կտա 50․000 դոլար, եթե դու չհրատարակես Ադրբեջանի հանցագործությունների մասին գիրքը։ Եթե հետաքրքրված ես, հունվարի 25-ին Facebook-ի քո էջում դիր Բաքվի նկարը»։

Այսպիսի առաջարկ է օրերս ստացել պարոն Բուչեկը։

Բաքվի նկարի փոխարեն նա հրապարակել է կաշառքի փորձի սքրինշոթն ու իր պատասխանը Ալիևին․

«Ազատ արձակեք հայ ռազմագերիներին»։

Հաշվի առնելով Ալիևի «հետաքրքրվածությունը» գրքով՝ Բուչեկը խոստացել է օրինակներից մեկը նրան ուղարկել։

Պարոն Բուչեկը նշել է, որ գրքում հավաքված փաստերի գրեթե 80 տոկոսը հենց իրենք՝ ադրբեջանցիներն են ուղարկել։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայի-ից։

«Նրանք ինձ ուղարկում են սարսափելի լուսանկարներ, տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են սպանում, ներեցեք, ավելի կոպիտ պետք է ասեմ, ինչպես են մորթում հայ ռազմագերիներին։ Նրանք ուղարկում են ինձ այդ դաժան նյութերն ու պարծենում, հպարտանում, գովում իրենց հանցագործությունները»,- պատմում է հեղինակը։

Նա զուգահեռներ է տեսնում արցախյան պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջև, երբ մեծ թվով լեհ ռազմագերիներ սպանվեցին։

Մասնագիտությամբ իրավաբան Թոմաշ Լեխ Բուչեկը մարդու իրավունքների պաշտպանությամբ միշտ է հետաքրքրված եղել, բայց դրանով լրջորեն սկսել է զբաղվել տարիներ առաջ, երբ իր ծանոթ հայերից գիրք է նվեր ստացել Սումգայիթի ջարդերի մասին։ Գիրքը հետաքրքրել է նրան։ Կարդացել է, ապա սկսել տարբեր աղբյուրների օգնությամբ լրացուցիչ տեղեկություններ հավաքել տեղի ունեցածի մասին։

«Այդ դեպքերը վաղ անցյալում տեղի չեն ունեցել, այլ ընդամենը տարիներ առաջ, բայց աշխարհը չի խոսում այդ մասին»,-Բուչեկն այստեղ անարդարություն է տեսել ու որոշել ջանքեր ներդնել այս ուղղությամբ։

2018 թվականին նա առաջին անգամ այցելել է Հայաստան, ապա նաև գիրք գրել՝ «Հայ մոր լացը․ 1988թ․ Սումգայիթի հայերի ցեղասպանությունը»։ Խոստովանում է, որ այդ օրվանից իր կապը հայերի հետ ավելի ամրացավ։

Արցախյան երկրորդ պատերազմի մասին իմացել է սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան` գյումրեցի իր ծանոթից։ Հենց նույն օրը change.org կայքում ստորագրահավաք է նախաձեռնել` պահանջելով «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ»։

Նա նշեց, որ ծրագրում էր հավաքել 250․000 ստորագրություն, բայց հավաքվեց 126․172։ Կասկածներ ունի, որ ադրբեջանցիները փորձել են կոտրել ստորագրահավաքի կայքը։

«Սկզբում օրական լինում էր 1000-5000 ստորագրություն, իսկ նոյեմբերի 2-ից հետո՝ 100-200-ը։ Կանադայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից և այլ վայրերից բազմաթիվ հայեր գրում էին, որ ստորագրել են, բայց այդ ստորագրությունները չեն երևում»,- ասում է նա։ Ամենից շատ ստորագրություններ Ֆրանսիայից է հավաքվել։

Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Թոմաշ Լեխ Բուչեկը սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիներից՝ օրական միջինը 10-15 նամակ` հիմնականում կեղծ էջերից ուղարկված։ Վերջերս էլ տեսանյութ էին ուղարկել, թե ինչպես են թաղում հայ գերիների դիերը։

Տեսանյութին կից գրել էին. «Քո վերջն էլ է այսպես լինելու»։

—Արդյո՞ք մտավախություն չունեք Ձեր ու Ձեր ընտանիքի անվտանգության համար,–հարցնում եմ Բուչեկին։

–Մոնթե Մելքոնյանը ոչ մի բանից չէր վախենում. պետք է դառնար հնագետ, բայց դարձավ հերոս։ Ես հետ չեմ կանգնելու, ես ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև ճշմարտությունը միշտ հաղթում է։ Ռազմագերիների հարցում ուզում եմ արդարության հասնել։ Առաջին հերթին դա հայ մայրերի համար է։ Կպայքարեմ այնքան ժամանակ, մինչև բոլոր ռազմագերիները տուն վերադառնան․ դա ամբողջ աշխարհի պարտականությունն է,- պատասխանում է լեհ քաղաքական գործիչը։

Նրա հայազգի փաստաբան Բաբկեն Խանզադյանը նշում է, որ հիմա էլ եվրոպացի և հայ գործընկերների հետ քննարկում են, թե ինչ քայլերով կարելի է շարունակել արդարության հասնելու գործընթացը։

«Բուչեկի դեմ նաև ադրբեջանական դեսպանությունն է բողոքի նոտա ուղղել։ Նա իր ժամանակի 90 տոկոսն այս գործին է նվիրել, ու ադրբեջանցիները վախենում են այս տեսակի գործունեությունից, սրա մեջ վտանգ են տեսնում, որովհետև սա մեծ աղմուկ է բարձրացնում»,- ասաց փաստաբան Խանզադյանը։

Նա նշեց, որ առաջիկայում նախաձեռնում են Վարշավայի փողոցներում, նաև ավտոմեքենաների վրա մեծ պաստառներ տեղադրել լեհերենով և անգլերենով՝ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։

Նշենք, որ Բուչեկն Արցախում դեռ չի եղել, բայց խոստանում է՝ անպայման այցելելու է։ Իսկ մինչ այդ ինքն ու իր փաստաբան Բաբկեն Խանզադյանը ռազմագերիների հարցով գալու են Հայաստան։ Հանդիպումներ են նախատեսում Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ և ոչ միայն։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից