Տնտեսություն 

Տեղեկատվությունը լինելու է հրապարակային․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում նիստ է անցկացվել

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ:

Քննարկվել են նիստի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զեկուցել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2020թթ. միջոցառումների ծրագրով՝ 2020թ. կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ:

Դրանց համաձայն՝ 2020թ. նախատեսված միջոցառումների գրեթե կեսն ամբողջությամբ իրականացվել է, 13 միջոցառում կատարվել է ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է եղել, չկատարված միջոցառում չկա, որոշներն իրականացվել են մասնակիորեն:

Վերջին հանգամանքը, նախարարի խոսքով, պայմանավորված է եղել համավարակի ու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով և այդ պայմաններում պետական կառավարման համակարգի գործունեության առաջնահերթություններով:

Վարչապետը կարևորել է հակակոռուպցիոն միջոցառումների հասցեականությունը և հետաքրքրվել դրանց գործնական արդյունավետությամբ:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, կարևորել է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Այս համատեքստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ Հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում պետական պաշտոն զբաղեցնող և միաժամանակ բիզնես գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ,  և որոշ պաշտոնյաների մասով ստուգումների արդյունքները, եզրակացություններն ուղարկվել են իրավապահ մարմիններին:

Կան հարուցված քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

Անդրադառնալով Հանձնաժողովի գործունեության ընթացիկ հաշվետվությանը՝ Հ. Հարությունյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է պետական պաշտոններում նշանակման ենթակա 47 անձի, այդ թվում՝ դատախազի թեկնածուների, դատավորների հավակնորդի թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների բարեվարքության ստուգում, որից 26-ը՝ դրական, 16-ը՝ դրական վերապահումով, 4-ը՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել:

Շարունակվել է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործման աշխատանքը. 2019թ. համեմատ 3 անգամ աճել է հայտարարատու անձանց թիվը, իրականացվել է գրեթե 640 հայտարարագրի վերլուծություն, որից 210-ը՝ ԲԴԽ անդամների, ՍԴ անդամ/դատավորների, նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը:

Վերլուծության արդյունքներով Հանձնաժողովը հարուցել է 4 վարույթ՝ վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ և համապատասխան եզրակացություն ներկայացրել:

Հայտարարվել է նոր էլեկտրոնային համակարգի համար մրցույթ, որը ծառայելու է որպես թվային գործիք կոռուպցիայի դեմ պայքարում:

Միջազգային փորձագետների աջակցությամբ մշակվել է պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատման մեթոդաբանություն:

Գնահատման համար որպես առավել ռիսկային են ընտրվել հետևյալ ոլորտները՝ պաշտոնի նշանակում, առաջխաղացում, կատարողականի գնահատում, պետական բյուջեի կառավարում և պետական գնումներ: Գործընթացն առաջիկայում կմեկնարկի:

Օրակարգի հարցերի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթների և դրանց գործունեության ապահովման նպատակով իրականացվող քայլերը:

Այս կառույցներն զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:

Ռ. Բադասյանը նշել է, որ այս օրենսդրական փաթեթներն Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են, սպասվում է երկրորդ ընթերցումը:

Զուգահեռ այժմ քննարկվում են այս մարմինների տեղակայման, շենքային պայմանների ապահովման, կադրային համալրման, ներքին բարեվարքության ապահովման, գործունեության շրջանակի վերջնական հստակեցման, շահագրգիռ այլ մարմինների հետ համատեղ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, տեխնիկական հագեցվածության հարցերը:

Հակակոռուպցիոն դատարանների օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ մասնագիտացված և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների 5 դատավորները քննելու են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։

Վարչապետը հետաքրքրվել է, թե զուգահեռ ինչ աշխատանք է տարվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ:

Նշվել է, որ այս առումով 4 գործ գտնվում է ավարտական փուլում, ԲԴԽ-ի կողմից սկսվել է դատավորների մասնագիտացման գործընթացը, ովքեր էլ պետք է զբաղվեն այդ գործերի քննությամբ:

Այս համատեքստում նիստում կարծիք է հնչել, որ Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման գործընթացի արագացումը կբարձրացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը: Արծարծվել է նաև դատավորների վարձատրության հարցը:

Վարչապետը նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանների դատավորների համարժեք վարձատրությունը լոկոմոտիվի դեր կունենա և կնպաստի որակյալ աշխատանքին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հակակոռուպցիոն մարմինների անձնակազմի ներքին բարեվարքության ստուգման մեխանիզմների պատադիր ներդրումը՝ դա համարելով նոր չափանիշներով ստեղծվող համակարգի գործունեության առաջնահերթություն:

Հակակոռուպցիոն խորհրդի նիստում ներկայացվել է նաև իրական շահառուների համատարած բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթը:

Ռ. Բադասյանը նշել է, որ նախատեսվում է գործող 2՝ իրական շահառուների և սեփականատերերի ինստիտուտների միասնականացմամբ ներդնել իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմ:

Այն տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա և միտված է իրական սեփականատերերի բացահայտելիության բարձրացմանը՝ էլեկտրոնային համակարգի ներդրման և տեղեկատվական համապարփակ բազայի ստեղծման միջոցով: Տեղեկատվությունը լինելու է հրապարակային:

Ակնկալվում է, որ հակակոռուպցիոն համակարգի մարմինների լիակատար ձևավորմանը զուգահեռ գործընթացի արդյունավետությունը կբարձրանա:

 

Նույն շարքից