Հասարակություն 

Շուշիի բնակչության մասով Նիկոլ Փաշինյանը վերցրել է այն մարդահամարի տվյալները, որն օգտագործում է միայն Ալիևը. Միքայել Մալխասյան

analitik.am

 

Շուշին և՛ քաղաքական, և՛ մշակութային, և՛ ռազմավարական տեսանկյունից կարևորություն ունի երկու կողմերի համար էլ։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդման շրջանակներում ասաց Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը։

«Մեզ համար այն մեր պատմական Արցախի խորհրդանիշն է, իսկ Ադրբեջանի համար այն դարձել էր ռեվանշի խորհրդանիշ», - ասաց նա։

Մալխասյանը նշեց, որ եթե ազատագրված տարածքների մասով բանակցային գործընթաց է եղել, ապա Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների վերաբերյալ նման խոսակցություն չի եղել․ «Գոնե որևէ տարբերակով ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել ենք»,- ասաց նա։

«Պետք է նայել, թե ինչն է եղել բանակցային տրամաբանության մեջ․ Ի սկզբանե էլ եղել է՝ կարգավիճակը։ Ինչո՞ւ է ամենասկզբից իսկ Արցախը գնացել այն ճանապարհով, որ պահանջել են ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալ, որովհետև ունեցել են ինքնավար մարզի կարգավիճակ։ Եվ գոնե այս տարածքների մասով պետք է հարցը փակվեր»,- ասաց Մալխասյանը։

Նա նշեց, որ երբ սկսում ենք խոսել Շուշիի բնակչության ազգային կազմի և նման հարցերի մասին, այդպիսով կարծես թե մտնում ենք ադրբեջանական օրակարգ․ «Եթե մենք խոսում ենք Շուշիի ազգային կազմի մասին, նախ պետք է նշենք, որ թուրքալեզու տարրը հայտնվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Հետագայում հայերը ազգային կազմում գերակշռող են եղել։

Նա պարզաբանեց, թե երբվանից է թուրքալեզու տարրը դարձել մեծամասնություն․ «Խորհրդային տարիներին՝ սկզբից 1926 թվականի մարդահամարով, հայերի ջարդերի պատճառով հայերի տեսակշիռը կտրուկ ընկել էր, բայց 1939 մարդահամարով արդեն զգալի թվով հայեր վերադարձել էին, և մյուս մարդահամարներով էլ հայերը գերակշռում էին»։

Անդրադառնալով 1989-ի մարդահամարին, Մալխասյանը նշեց, որ այդ թվերն օգտագործում է միայն Ալիևը, և , ցավոք, այդ մարդահամարի թվերն օգտագործում է նաև Նիկոլ Փաշինյանը․ «1988-ին արդեն քաղաքում բնակվող մոտ 2000 հայերը հանվել են քաղաքից, և երբ դրանից հետո հաշվառում է արվել՝ արդեն հայ բնակչության վտարման պայմաններում է տեղի ունեցել 1989-ի մարդահամարը Շուշիում, և դա է պատճառը, որ հայերը չեն հաշվառվել»։

Մալխասյանը նաև ընդգծեց, որ եթե պատմական էթնիկ կազմով պետք է կողմնորոշվենք, այլ ոչ թե կարգավիճակով, ապա թե Բաքուն, թե Գյանջան կարող ենք համարել հայկական թաղամասեր:

Նույն շարքից