Հասարակություն 

Հայկական «Boeing 737-300» օդանավը մինչև Թեհրան հասնելը եղել է նաև Բուլղարիայում. մանրամասներ անհետացած օդանավից

analitik.am

 

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռի՝ առեղծվածային անհետանալու դեպքի առնչությամբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեում շարունակվում է քննություն ընթանալ։ Այս մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, նշելով, որ մանրամասներ չեն կարող հայտնել մինչեւ քննությունը չավարտվի։ Գրում է News.am-ը։

NEWS.am-ը զրուցեց վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանի հետ, որը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երեւանում, բայց «տեխնիկական անսարքության հետեւանքով» հայտնվել Թեհրանում։

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն եւ «Fly Armenia Airways»-ն միայն գիտեն, թե ինչ թույլտվություն են տվել այդ օդանավին` Էստոնիայից տեղաշարժվելու համար»,- նշեց Ճաղարյանը։

Նա ասաց, որ օդանավն ունեցել է լիտվական գրանցում, հետո փոխանցվել է հայկական ավիաընկերությանը. «Այն դարձել է հայկական օդանավ ու Տալլինից թռիչք կատարել։ Շահագործող ընկերությունն ասում է՝ օդանավը պետք է վայրէջք կատարեր Հոստոմելի օդանավակայանում։ Այդ օդանավայականում կա Boeing օդանավին սպասարկող ընկերություն»։

Հակոբ Ճաղարյանի դիտարկմամբ, այնուամենայնիվ, օդանավն Էստոնիայից դուրս գալու համար պետք է ինչ-որ թույլտվություն ունենար։

Այն տեղեկությունը, որ հայկական օդանավը մինչեւ Թեհրան հասնելը թռիչք է կատարել նաեւ Բուլղարիա՝ Ճաղարյանը հաստատեց. «Այո, 19-ին գիշերել է այնտեղ ու թռիչք կատարել Իրան»։

Մեր դիտարկմանը, որ Բուլղարիան ԵՄ տարածքում է գտնվում եւ հարցին՝ ինչպե՞ս է հայկական օդանավը կարողացել ԵՄ օդային տարածք մտնել, հաշվի առնելով այն, որ մեր օդանավերի մուտքն արգելվում է, Ճաղարյանն ասաց, որ օդանավը կատարել է տեխնիկական թռիչք. «Բացի տեխնիկական թռիչքներից հնարավոր է նաեւ չարտերային թռիչքները։ ԵՄ-ն Հայաստանին «սեւ ցուցակում» ներգրավելով Հայաստանին՝ ամբողջությամբ չի զրկել թռիչք կատարելու իրավունքից»։

Նշենք, որ հայկական օդանավի՝ անհետանալու դեպքի առնչությամբ ՀՀ ՔԱԿ-ը պարզաբանում է ներկայացրել, նշելով, որ կատարվում է քննություն։

Ճաղարյանը շեշտեց, որ այդ քննությունը հնարավոր էր ավարտել ընդամենը մեկ ժամում.

«Պաշտոնական հեռագիր է տրվում Էստոնիայի ավիացիոն իշխանություններին, թե ի՞նչ է ներկայացվել իրենց այդ օդանավը բաց թողելուց։ Դրանից հետո արդեն պարզ է դառնում՝ ինչ է ներկայացված եղել. օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, համապատասխա՞ն է եղել թռիչքային պլանին, թե՞ ոչ։ Առանց այդ գործողության անհնար է լուծում գտնել այդ խնդրին»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Իրանի օպերատորներից մեկին հանձնեն օդանավը, Ճաղարյանն ասաց. «Ես գտնում եմ, որ ամեն բան հնարավոր է, քանի որ այն, ինչն այստեղ կատարվում է, բացարձակ խաբեության գործընթաց է։ Տրվել է վարձակալման, թե վաճառվել է, ես այդ հարցերի պատասխանը չեմ կարող տալ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Նույն շարքից