Հասարակություն 

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարի հայտարարությունը

analitik.am

 

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը: ԱՀ ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին ևս կոչ է անում դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՄԻՊ-ը:

ԵՕԻ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:

Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2009 թվականից անդամակցում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին:

 

Նույն շարքից