Հասարակություն 

Անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային. փաստաբան

 

Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։

Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։

Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յություբ»:

Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։

Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։

Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։

Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։

Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան։

Փաստաբան Բենիկ Գալստյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից