Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչի պետք է սպասի Նիկոլ Փաշինյանը, եթե ինքն իշխանության գա

analitik.am

 

Ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վրեժխնդրության մասին նույնիսկ չի մտածում: Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:

Նախկին նախագահին հարցրել են, թե ինչ պետք է սպասի Փաշինյանը, եթե ինքը՝ Քոչարյանը, իշխանության գա։ Նա հայտարարել է, որ իր կյանքի ընթացքում երբեք չի առաջնորդվել վրեժի սկզբունքներով։

«Վրեժն իրականում թույլ և թերարժեք մարդկանց ուղին է։ Այդ առումով շատ դիպուկ են Նելսոն Մանդելայի խոսքերը․ «Վրեժի ծարավը թույն է, որը խմում ես, մտածելով, թե այդ թույնը քո թշնամիներին է սպանում»»,-ասել է Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ հավակնում է մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել։ ՀՀ նախկին նախագահն իր մեջ երկիրը ղեկավարելու համար բավականաչափ փորձ է զգում և պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին ընդդիմության և զինվորականների պահանջները:

Միաժամանակ նա կարծում է, որ Հայաստանին մեկ տարի ժամկետով անցումային շրջան է հարկավոր։

Փաշինյանի իշխանության գալուց հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։ Նրան մեղադրել են 2008 թ․-ի մարտին սահմանադրական կարգը տապալելու համար։ 2018 թ․-ի հուլիսից Քոչարյանը երեք անգամ կալանքի տակ է եղել։ 2020 թ․-ի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան կալանքից ազատել էր խոշոր գրավի դիմաց։

Քոչարյանը գործը շինծու է համարում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին։

 

 

Նույն շարքից