Հասարակություն 

Արցախում օրվա հացի խնդիր կա. բնակիչներն այսօր Վերածննդի հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել

analitik.am

 

Արցախի Վերածննդի հրապարակում  այսօր՝ մարտի 4-ի առավոտյան, արցախցիները բողոքի ակցիա է տեղի ունեցել։Քաղաքացիների գերակշռող մասը Հադրութի բնակիչներ են եղել։ Արցախցիները պահանջում են իշխանություններից սոցիալական պայմաններ ստեղծել ապրելու համար կամ հնարավորություն ստեղծել, որ գնան ադրբեջանական վերահսկողության տակ մնացած իրենց տներում ապրեն։ Այս մասին գրում է News.am-ը։

Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատմել է, որ նույն պահանջով մոտ մեկ ամիս առաջ իրենք իրականացրել էին նաեւ ստորագրահավաք եւ ուղարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին.

«Հստակ պահանջն այն էր, որ մենք այդ տարածքի բնիկ ժողովուրդ ենք եւ հնարավորություն ստեղծեն այդ տարածքում ապրելու։ Մեզ հայտնեցին, որ այդ հարցը քննարկվում է, բայց առ այսօր պատասխան չենք ստացել»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախում սոցիալական վիճակը գնալով հայտնվում է փակուղում. «Չեմ պատկերացնում՝ այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Մոտ մեկ տասնյակ մարդ ամեն օր սոցիալական խնդիրներով հանդիպում է ինձ հետ։ Մարդիկ ապրելու նորմալ պայմաններ չունեն։ Վարձով բնակարանների արժեքը մինիմալ 150 ՀՀ հազար դրամ է, իսկ իշխանությունների կողմից տրվող օգնությունը 60 հազար ՀՀ դրամ։ Մարդիկ այս ցուրտ օրերին ունեն նաեւ ջեռուցման խնդիր։ Ինձ մոտ վերջերս եկել էր մի կին, որն ապրում էր ծեր ծնողների եւ մանկահասակ երեխաների հետ, միայն 80 հազար ՀՀ դրամի էլեկտրաէներգիա էին ծախսել, դրա դիմաց իշխանությունները 12 հազար 500 ՀՀ դրամն են փոխհատուցում։ Այդ բնակարանում գազ էլ չկա, այսինքն՝ այլ միջոց չունեին ջեռուցելու»։

Պատգամավորը շեշտեց, որ Արցախում օրվա հացի խնդիր է առաջացել։

«Հայտարարվեց 68 հազար ՀՀ դրամ պետք է յուրաքանչյուր արցախցի ստանա, գրանցումը նոր է սկսվել, ասում են՝ մարտ ամսի վերջից նոր կսկսեն վճարել։ Զուտ պոպուլիզմ է, զուտ խոսքեր են։ Ինչքա՞ն կարելի է զուտ խոսքերով մարդկանց պահել։ Մեծամասնությունն այսօր տարրական հնարավորություն չունի ապրելու»,- ասաց նա։

Հակոբյանն անդրադառնալով պատերազմի հետեւանքով տունը կորցրած քաղաքացիներին բնակարանների տրամադրման գործընթացին՝ նշեց. «Այն գերատեսչության ղեկավարը, որը պիտի զբաղվի բնակարանների հարցով։ Ենթադրենք, որ ինչ-որ մի ժամանակ տալու եք բնակարաններ, ունե՞ք ինչ-որ ծրագիր, թե ո՞ւմ եք նախապատվությունը տալու։ Այդ հարցերն անպատասխան են։ Բնականաբար 20 հազար բնակարան միանգամից չի կարող լինել։ Ենթադրենք, որ կա 2 հազար բնակարան, ո՞ւմ եք տալու այդ բնակարանները»։

Նրա խոսքով՝ նույնիսկ այն տների համար, որոնք պատերազմի ընթացքում վնասվել են, որեւէ կանոնակարգված աջակցություն չկա. «Մարդիկ են մեկը մյուսին օգնում, սննդի տեսքով են անգամ աջակցում։ Քաղաքացի էր մեզ դիմել, առողջական խնդիր ուներ, որովհետեւ նկուղում են ապրում»։

Շարունակությունը՝ սկզբնազբյուրում

Նույն շարքից