Քաղաքականություն 

Երբ գա այն օրը, իսկ այդ օրը մոտ է, երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը․ Միքայել Մինասյան

analitik.am

 

Այսօր առավոտյան Հատուկ քննչական է կանչվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կինը։ Միանգամից ասեմ, որ Ռուբեն Վարդազարյանին երբեք չեմ հանդիպել, ավելի նրան ունեմ բազմաթիվ հարցեր՝ ոչ անձնական, այլ պետական բնույթի, քանի որ նա է վերջին երեք տարիներից առանվազն երկուսի ընթացքում բոլոր դատական գործընթացներից ամենատեղյակ մարդը։

Բայց ԱԺ-ում Վարդազարյանի երեկվա արժանապատիվ պահվածքից հետո, այսօր նրա կնոջը ՀՔԾ կանչելը վկայում է մեր պետության և արդարադատության համակարգի անհույս այլասերվածության մասին։ Կարմիր գծեր չանցնելու առաջին շահառուները հիմա պետք է լինեին ՀՔԾ և մնացած ԾԾ-ների ղեկավարները և քննիչները։ Բայց նրանց ինքնապաշտպանական բնազդը, կարծես, չի աշխատում կամ միացել է ինքնաոչնչացման կոճակը, քանի որ բացի նրանից, որ չունեն խիղճ, չունեն նաև խելք։

Այդ պատճառով ստիպված եմ ուղիղ գրել. երբ գա այն օրը, իսկ այդ օրը մոտ է, երբ ձեր կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը, հիշե՛ք Հրայր Թովմասյանի դուստերին և մյուսներին։ Չմոռանաք նաև Նիկոլի այն ելույթը, երբ զառանցում էր կանանց մասին, որոնք կազմ պատրաստ դիմավորում էին քննիչներին՝ հարցաքննվելուց առաջ։

Իսկ Ռուբեն Վարդազարյանի կնոջը քննչական հրավիրելը խոսում է մի քանի շերտ այլասերման մասին։

Քաղաքական այլասերում

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն, որ աշխարհի «ամենազնիվ, ամենաարդար և ժողովրդավարական դատավոր» Գագիկ Ջհանգիրյանին՝ Գռզոյի խնամուն, Նիկոլը պետք է նշանակի ԲԴԽ նախագահ։ Ու քանի որ այդ ծրագիրն ինչ-ինչ պատճառներով չի ստացվում կամ ուշանում է, գործի է դրվել մրցակցի ընտանիքի անթաքույց հետապնդումը և ամուսնուն ճնշելու համար կնոջը հարցաքննության կանչելու սցենարը: Ու գրեթե բոլորը լուռ են։

Հանրային այլասերում

Բոլոր սեղանների շուրջ մայրերի ու կանանց կենացը հոտնկայս խմող տղամարդիկ քաղաքական նպատակներով կազմակերպում են հայ կնոջ հարցաքննությունը, հրավիրում են քննչական։ Ու այդ ամենը՝ «կնամեծար» ու «կանանց իրավունքների» մասին բարձագոչ կենացների ներքո։ Բոլորը լուռ են։ Բայց կենացներում խոսում են ընտանիքի սրբության և բարոյական նորմերի մասին։

Չափանիշների այլասերում

Ոստիկանի թարս հայացքի պատճառով երեք էջանոց, եռալեզու հայտարարություններ տարածող «իրավապաշտպան» ՀԿ-ները լուռ են։ Որովհետև դե Վարդազարյանի կինը իրենց տերերի հովանավորյալը չէ։ Որովհետև նման հրաման չունեն, կամ էլ ունեն իրենց ծրագիրը։ Իսկ ճշմարտությունը շարունակում է ոչ մեկին չհետաքրքել։

Միջազգային կարծիքի այլասերում

Մենք հազիվ սկսել ենք հասկանալ, որ դեսպանատները ուրիշ պետությունների շահերի ներկայացուցիչներն են, իսկ դրանք շատ հաճախ եթե ոչ միշտ, չեն համընկնում հայ ժողովրդի շահերի հետ, ինչի ապացույցն է վերջին երեք տարիների լռությունը, որ քողարկվում էր ժողովրդավորության երկրակի չափանիշներով։

Իսկ ինչու եմ ես սա գրում։ Գրում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր «թաքյարը հետ ֆռալուց» հետո սկսեն խոսել, որ չի կարելի կարմիր գծերն անցնել, հիշեն, որ այսօր իրենք լուռ էին։ Եվ հիշեն ոսկե կանոնը, քանի որ լուռ էիր՝ լռիր։ Իսկ ձեր կանանց նկատմամբ խղճահարություն հարուցող ապագա գրառումներից առաջ կհիշեք այս օրը։ Նույնը վերաբերում է վերոթվարկյալ բոլոր շրջանակներին և բոլոր նրանց, ովքեր դուրս մնացին ցանկից։

Իսկ Ռուբեն Վարդազարյանին խորհուրդ եմ տալիս հումորով վերաբերվել կատարվողին և ընտանիքի վրա ճշնումներով հրաժարական հարկադրելու շուրջ պրակտիկ փորձի փոխանակման համար դիմել Հրայր Թովմասյանին։ Վարդազարյանի բոլոր սանիկներին էլ խորհուրդ՝ «ջաններդ յուղեք»։

Միքայել Մինասյան

Նույն շարքից