Քաղաքականություն 

Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն

 

Արցախի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմի օրերին արցախցի փրկարարների հաղթահարած փորձությունների մասին ու հետպատերազմյան շրջանում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների հոգեբանական դժվարությունների հաղթահարման վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մեխակ Արզումանյանի հետ հարցազրույցը.

Պարոն Արզումանյան, Դուք անձամբ անցել եք փրկարարի մասնագիտական ուղու գրեթե բոլոր փուլերով և Ձեզ համար տեսանելի է եղել արցախցի փրկարարի անցած ուղին: Այդ համատեքստում կայացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Արցախի փրկարար ծառայությունը՝ մինչև պատերազմն ընկած ժամանակահատվածում: Ինչպիսի չափորոշիչներով էին առաջնորդվում փրկարար ծառայողի ընտրության հարցում մինչ պատերազմը: Հետպատերազմյան ժամանակահատվածում այդ չափորոշիչները փոփոխություն կրելո՞ւ են:

-Նախ, շնորհակալ եմ հարցազրույցի համար. Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում սա իմ առաջին հարցազրույցն է: Փրկարարի համար պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք աշխատում ենք այն նույն ուժեղացված ռեժիմով, ինչպես նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից: Նախապատերազմական շրջանում Արցախի փրկարարն արտակարգ իրավիճակում, բնածին, տեխնածին ու տարերային աղետներին դիմակայելու, ինչպես նաև քաղպաշտպանության պլանային պարապմունքներն իրականացնում էր փորձուսուցման տարբերակով միայն: Պատերազմի պարագայում իրողությունն այլ էր: Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի (ծառայության նախկին ղեկավար) շնորհիվ՝ համակարգված ու չափազանց մեծ պատասխանատվությամբ  փրկարար ծառայությունը կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները. թիրախավորված բնակելի շինություններից բնակչության ժամանակին տարհանում, հրթիռակոծված բնակավայրերը չպայթած զենք-զինամթերքից ու հավանական սպառնալիքից՝ մաքրում, բնակավայրերի հրդեհաշիջում, ապաստարաններում պատսպարվածներին անհրաժեշտ սննդի ու դեղորայքի մատակարարում: Թիկունքային աշխատանքից բացի՝ պատերազմի ամենաթեժ օրերին մեր ստորաբաժանումները նաև ռազմադաշտից վիրավորների ու զոհված զինծառայողների մարմիններն էին տարհանում: Այդպես մինչև այսօր:

Ինչպիսի փորձություն էր Արցախի փրկարար ծառայության ու փրկարարների համար պատերազմը, և ինչի՞ շնորհիվ Արցախի փրկարարներին  հաջողվեց ու հաջողվում է  կազմ ու պատրաստ դիմագրավել այդ փորձությանը:

-Ցանկացած աշխատանքում ինձ համար կարևոր է պատասխանատվությունը: Բարեբախտաբար, արտակարգ իրավիճակների ծառայողների գերակշիռ մեծամասնությունը սիրում են իրենց աշխատանքը, ինչը լավագույնս ապացուցել են ռազմագործողությունների օրերին: Դա այն ժամանակահատվածն է, երբ մենք գիշերը ցերեկից իսկապես, չէինք տարբերում: Աշխատում էինք առանց նախապայմանի, անձնվիրաբար, հաճախ վտանգելով սեփական կյանքը: Նույն տրամաբանությամբ, այսօր էլ ծառայության անցած նոր աշխատողների հետ հավելյալ պարապմունքներ ենք անցկացնում: Արցախյան առաջին պատերազմից թերևս փորձը կար, այդուհանդերձ, փրկարար ծառայողների շարքերն այս ընթացքում համալրվել էին երիտասարդ կադրերով:

Նախորդ պատերազմից  ունեցած փորձն էր օգնո՞ւմ փրկարարական աշխատանքներն օպերատիվ ու արհեստավարժ կազմակերպելուն, թե որոշ դեպքերում, ստիպված եք եղել աննախադեպ իրավիճակների  բախվել:

-Կարելի է նաև այդպես մեկնաբանել, բայց խորհրդային տարիներից հետո  բավականաչափ փոխվել է քաղաքացիական պաշտպանության ծրագիրը: Այդ փոփոխությունն առաջին հերթին մեր հոգեբանության մեջ է կատարվել: Այս պատերազմում երիտասարդ փրկարարներն անգամ փորձառուներից չեն տարբերվել, և ես հպարտ եմ դրա համար, որ  յուրաքանչյուր փրկարարի մեջ հայրենիքի ու առհասարակ, անհատի հանդեպ սրտացավության գենն է խոսում:

Ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ առաջադրեց պատերազմը Արցախի փրկարարներին և ինչպե՞ս է հաջողվում դրանք հաղթահարել: Ինչպե՞ս կբնորոշեիք արցախցի փրկարարի ծառայության ու բարոյահոգեբանական նկարագրի առանձնահատկությունները՝ ի տարբերություն այլ երկրների գործընկերների: Որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված անձակազմը սովորաբար հոգեբանական ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն է ունենում: Նման անհրաժեշտություն ու ծրագրեր կա՞ն:

-Ռազմագործողությունների հենց առաջին օրից, երբ սկսեցինք կազմակերպել մեր անելիքները, հասկացանք, որ այս պատերազմը մյուսներից տարբերվում է թե կիրառվող զինատեսակներով, թե մասշտաբով: Խուճապ հնարավոր է առաջանար, եթե չունենայինք մեր անելիքների ծրագիրը: Երբ անընդհատ ռմբակոծվում էին մեր բնակավայրերն ու մայրաքաղաք Ստեփանակերտը, ես նկատում էի, թե ինչպես են փրկարարները թաց աչքերով, բայց, միաժամանակ սառնասրտությամբ աշխատում, որ փլատակներից հանեն մարդկանց: Սա հոգեբանական, մարդասիրական, սրտացավության լուրջ հարց է, երբ մարդ հայտնվում է հանկարծակի իրավիճակում՝ գիտակցելով, որ իրենից է կախված մերձավորի, հայրենակցի կյանքը: Ուզում եմ ասել, որ դժվար, շատ դժվար դեպքերի ենք ականատես եղել ու հաղթահարել: Մեզ համար պատերազմը չի ավարտվել, քանի դեռ ունենք անհետ կորած կամ գերեվարված զինծառայողներ, զոհված զինծառայողների աճյուններ, որոնց պետք է տարհանենք Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող վայրերից:

Պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ ու դժվարություններ են առաջանում և ինչպե՞ս է հաջողվում լուծել:

-Դժվարություններ, իհարկե, կային: Իսկական հերոսություն էր ռազմադաշտից վիրավոր կամ զոհված զինծառայողների տարհանումը: Երբ գիտակցում ես, որ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ընթացքում անօդաչու թռչող սարքերով հնարավոր է նաև դու թիրախավորվես: Իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս՝ այդպիսի դեպքերի ևս, ականատես են եղել փրկարարները: Հիմնական դժվարությունը, սակայն, զինադադարից հետո էր: Կրկնակի բարդ աշխատանք է՝ որոնել հայ զինծառայողների աճյուններ կամ գտնել նրանց մասունքները: Փրկարարը կոչմանը հավատարիմ՝շարունակում է   կատարել այն, ինչը բխում է ներքին գործերի նախարարության կանոնադրությունից,  նախարարի և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի հրամաններից:

Ինչպիսի՞ ընթացք ունի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցությունը: Որո՞նք եք համարում ձեռքբերումներն այդ առումով և ինչպիսի հեռանկարներ եք տեսնում՝հատկապես հաշվի առնելով, որ պատերազմի ընթացքում արցախցի փրկարարները հսկայական փորձ են կուտակել: Արդյոք հետաքրքրություն նկատվում է գործընկերների կողմից փորձի փոխանակման առումով:

-ՀՀ մեր գործընկերների հետ փորձի փոխանակում եղել է և կա: Գործընկերային հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխվեցին պատերազմի օրերին, երբ թիկունքային աշխատանքներում մեզ օգնության ձեռք մեկնեց ՀՀ ԱԻ նախարարությունը: Այսօր էլ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը՝ երկուստեք առաջարկելով նոր ծրագրեր ու գաղափարներ: Զինադադարից հետո փոխգործակցության շրջանակներն ընդլայնվեցին: Արցախում խաղաղապահ առաքելությամբ գտնվող՝ ՌԴ ԱԻ նախարարության անձնակազմի  հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն և ամենօրյա ռեժիմով շարունակում ենք միասին Արցախի տարածքը մաքրել՝ չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքից: Բացի այդ, ՌԴ ԱԻ նախարարությունը հումանիտար աջակցության շրջանակներում մեր ծառայությանը նվիրաբերել է հրշեջ-մեքենաներ և փրկարարական տարատեսակ միջոցներ: Ինչպիսի կորուստներ ունեցավ Արցախի փրկարար ծառայությունը պատերազմի ընթացքում և ինչի կարիք ունի այժմ կառույցը: -Հոկտեմբերի 2-ին, «Սմերչ» կայանքից հրթիռակոծվեց նաև ԱԻ պետական ծառայությունը: Մենք ունեցանք 10 վիրավոր, որից մեկը՝ մեր լավագույն փրկարարներից՝ Հովիկ Աղաջանյանն էր: Ցավոք, նրա կյանքը  փրկել չհաջողվեց: Այնուհետև ևս 3 փրկարար՝ Հարություն Աթաջանյանը, Արայիկ Հակոբյանը և Դավիթ Դոլուխանյանը զոհվեցին: Ընդհանուր առմամբ՝ մեր կառույցը 4 զոհ ու 24 վիրավոր տվեց պատերազմում: Ստեփանակերտում և շրջանային բաժիններում ևս զգալի կորուստներ է կրել նաև ծառայության նյութատեխնիկական բազան: Պարկը՝ անհատ բարերարների և ՌԴ ԱԻՆ-ի կողմից, արդեն համալրվել է նոր միջոցներով: Այդ մասով խնդիրներ բարեբախտաբար չունենք:

Հետպատերազմյան իրավիճակը ինչպիսի նոր հրամայականներ և մարտահրավերներ է առաջադրել փրկարար ծառայողին ու կառույցին: Այդ խնդիրների լուծման ինչպիսի՞ տեսլական ունեք:

-Մեր օրակարգում այժմ հիմնական պլանային ծառայությունն իրականացնելուց բացի, որակյալ ու պրոֆեսիոնալ կադրերի վերապատրաստման հարցն է: Այդ ուղղությամբ կոնկրետ ու գործնական քայլեր ենք կատարում, որպեսզի կառույցը և մեր շարքերը համալրած նոր ծառայողները, նույնպես, ցանկացած արտակարգ իրավիճակում՝ իրենց դրսևորեն արժանապատվորեն՝ ինչպես փրկարարական աշխատանքում, այնպես էլ՝  մեզ պարտադրված արցախյան վերջին պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից