Տեսանյութեր Տնտեսություն 

ՊԵԿ-ը երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար /տեսանյութ/

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար:

Ապրիլի 1-ից քաղաքացիները ծանրոցը ստանալու համար իրենց հարմար ժամ ընտրելու ավելի լայն հնարավորություն կունենան։

Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը, որը տեղակայված է «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում, ապրիլի 1-ից գործելու է երկուշաբթիից շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն:

Մինչ այդ բաժանմունքը գործում է շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն է իրականացվում 10:00-13:00-ն:

«Նոր ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով:

Եթե մինչև փոփոխությունը բաժանմունքն օրական սպասարկել է 40-50 քաղաքացի, ապա աշխատաժամերի ավելացումից հետո օրվա ընթացքում ավելի շատ մարդ կկարողանա իր ծանրոցն ստանալ»,-նշում է Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։

Մյուս փոփոխությունն առնչվում է փոխադրող կազմակերպություններին: Ապրիլի 1-ից նույնիսկ գիշերը ժամանած առաքանիների զննումը կատարվելու է նույն պահին:

««Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արևմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը»,-տեղեկացնում է Գարիկ Մինասյանը:

Տնտեսվարողների հարմարավետության համար է նաև հետևյալ փոփոխությունը. մաքսային բոլոր գործընթացները` ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, նաև վճարների գանձումն ու բացթողումը, ամբողջությամբ կիրականացվեն մեկ կետում` «Հայփոստի» փոստի փոխանակման կենտրոնում:

Տնտեսվարողին կմնա միայն առաքանին ստանալ «Կարգո» բեռնային համալիրում:

Նույն շարքից