Տնտեսություն 

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել հանրային սննդի ոլորտում ստուգումների վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ ՊԵԿ-ի տարածած պարզաբանումը.

«Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը, անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:

Նախևառաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը, և որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում:

Կոմիտեն հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին և ոգուն համապատասխան՝  նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Հետևաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից:

ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարևոր դերակատարությունը տնտեսության զարգացման և Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող  անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը:

Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձևակերպել բոլոր աշխատակիցներին և ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:

Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետևապես և տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:

Պետական եկամուտների կոմիտեն, գործընկերային մթնոլորտի պահպանման շրջանակում, լիահույս է, որ ոլորտի ներկայացուցիչներն ինքնուրույնաբար կփորձեն շտկել և օրենսդրության պահանջներին լիարժեքորեն համապատասխանեցնել իրենց գործունեության բոլոր ասպեկտները` այդ կերպ ամրապնդելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից