Հասարակություն 

Շիկահողի համայնքապետն ահազանգում է՝ գյուղացիներին զենք է անհրաժեշտ՝ արոտավայր ու ցորենի դաշտեր գնալու համար, բացի այդ՝ ընտանիքներ կան՝ ուզում են հեռանալ. Pastinfo.am

analitik.am

 

Սյունիքի խոշորացված Կապան համայնքի Շիկահող գյուղում բնակիչները հողային աշխատանքներ կատարելիս էլ վտանգված են, բայց նրանց չի թույլատրվում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ունենալ զենք:

Գյուղացիները հողամասերում պետք է աշխատեն, որոնք գտնվում են սահմանամերձ գոտիներում։ Շիկահողի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ անզեն են գնում Կապան ու հետ վերադառնում, իսկ հիմա զենքի օգտագործումը՝ ինքնապաշտպանական նպատակներով, թիվ մեկ խնդիրն է դարձել սահմանամերձ գյուղում։

«Գյուղապետարանի զինանոցում է դա պահվում, թույլ չեն տալիս սովորական ժողովրդին տանք։ Դա պահել են զուտ աստված չանի՝ արտակարգ դեպքերի ժամանակ՝ այսինքն, եթե նորից հայտարարվի ռազմական դրություն»։

Ղազարյանը հայտնեց, որ բնակիչներից երեքին, ովքեր ցորենի դաշտեր ունեն և հաճախ են այնտեղ լինում, ինքը զենք է տվել։ Շուտով մյուսներն էլ են սկսելու գյուղատնտեսական աշխատանքները։ Գյուղում 10 անձ ցորենի դաշտեր ունեն, որոնց անհրաժեշտ են լինելու այդ զենքերը։

Ցորենի 13 հա և գարու 15 հա դաշտերը գտնվում են անմիջապես թշնամու թիրախում։ Համայնքապետն էլ սպասում է ԱԺ-ի որոշմանը՝ կապված զենքի թույլտվության հետ։

«Զինանոցում զենք պահելն իմաստ չունի։ Տպավորություն է, որ զենքը թողնում են զինանոցում՝ որ եթե նորից պատերազմ սկսվի՝ գյուղացին զենքը վերցնի վազի ռազմաճակատ, բայց երբ որ գյուղացուն է անհրաժեշտ այդ զենքը՝ որպես ինքնապաշտպանական միջոց, գյուղացին իրավունք չունի՞ այդ զենքը վերցնելու»։
Անասնապահության հարցն էլ լուրջ է։ Հերթ են սահմանել գյուղում ու հերթով են արածացնում կենդանիներին՝ իրենց հսկողության տակ, բայց դա հիմնական միջոց չէ։ Արոտավայրերը ադրբեջանցիների թիրախում են՝ այստեղ էլ է լինելու զենքի անհրաժեշտություն։

«Ես չեմ նայում իրենց թույլ տալ կամ չտալը։ Եթե ես զենքը պետք է դնեմ զինանոցում, ասեմ գնա՝ աստված քեզ օգնական, դա իմ կողմից հիմարություն կլինի՝ մարդը զենքով իրեն որոշակի պաշտպանված է զգում։ Հարցը հրատապ լուծում է պահանջում»։

Ղազարյանը տեղեկացրեց, որ գյուղում համեմատաբար հանգիստ է։, փոխարենը խնդիրներ են լինում Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ տեղակայվել են Ադրբեջանական զորքերը։

«Այդ մասն անցնել չի լինում, զզվելի տեսարաններ են՝ աղբ են լցնում ճանապարհի կողքերը»։

Անդրադառնալով Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների վերաբերյալ Ալիեւի հայտարարություններին՝ Ղազարյանն արձանագրեց, որ անհանգստացնում է ոչ այնքան Իլհամ Ալիևի հայտարարությունները, որքան այն, որ պաշտոնական Երևանը դրանց հերքում չի տալիս։

«Մինչև այսօր կառավարությունից հերքում չենք ստանում։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ է իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարությամբ հանդես գալու, հանդարտեցնելու, որ նման բան չի լինելու։ Անընդհատ այդ խոսակցությունները քննարկվում են։ Մեկն ասում է՝ ապրիլի 15-ին ինչ-որ խումբ է գալու, մեկ ասում է՝ խումբն արդեն եկել է։ Հստակ չգիտենք՝ ի՞նչ փուլում է և ի՞նչ է կատարվում։ Մեզ հուզում է Մեղրիի ճակատագիրը՝ ինչ է լինելու այդ ճանապարհի հետ կապված։ Կառավարությունը ոչ մի մեկնաբանություն չի անում ու դա սկսում է մեզ անհանգստացնել։ Չգիտենք Սյունիքի հետ կապված այդ թղթում ինչ է նշված ու մինչև օրս, ապրելով Սյունիքում՝ չենք հասկանում ինչ է կատարվում՝ շուրջբոլորը անորոշություն է»։

Շիկահողով անցնող ճանապարհը դեպի Մեղրի շահագործման է հանձնվել 2008 թվականին, որպեսզի ծառայեր բնակիչներին որպես այլընտրանքային ճանապարհ՝ մանավանդ ռազմական դրության ժամանակ։ Մ 17 ճանապարհը սկսվում է Կապանից, անցնում 5 գյուղով, հասնում է Մեղրի, ապա ԻԻՀ։

«Այդքան կարևոր ճանապարհ է ներկա պահին դա, որտեղ կանգնած է թշնամին։ Այն, ինչ կառուցվել է որպես այլընտրանքային ճանապարհ, դա կդառնա անիմաստ, եթե Մեղրիում որևէ դեպք արձանագրվի։ Քանի որ ճանապարհը Մեղրի չհասած հատվում է այն ճանապարհին, որտեղ իրենք իրենց քարտեզը գծել են»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից