«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, բայց ավելի շատ ինքնապաշտպանական քարոզչական ելույթ էր, որից հետո պատասխանեց նաև պատգամավորների հարցերին և մի քանի ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ:
Վարչապետը մանրամասն պատմեց արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին, և հենց այդտեղ էլ թաքնված էին վրիպակները: Ընդ որում, նկատենք՝ Փաշինյանը ելույթ ունենալիս օգտվում էր թերթիկից, այսինքն՝ ելույթի տեքստը գրված էր նախապես, բայց դա չխանգարեց, որ, օրինակ, իր խոսքում նա ասի «Ֆրանսիայի նախագահ Պուտին», «2021 թվականի 44-օրյա պատերազմ» և այլն: Իհարկե, Փաշինյանը վրիպակներից հետո փորձում էր իրեն ուղղել: Փաշինյանի մեկ այլ հայտարարություն ևս հետաքրքիր էր: Խոսքը այն հայտարարության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Ադրբեջանի տարածքներ» անվանեց Արցախի ազատագրված շրջանները՝ ասելով, որ հոկտեմբերի 19-ին պատրաստ է եղել վերադարձնել դրանք:
«Ես զանգահարել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ մենք հրադադար ենք ուզում՝ Ադրբեջանի տարածքները վերադարձնել՝ 5+2 ձևաչափի պայմանով»,-ասաց նա: Այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետն իսկապե՞ս այդպես է մտածում, այդ տարածքները Ադրբեջանի՞նն է համարում, թե՞, այսպես ասած, խոսքի սայթաքում էր: Ապա արդարացնելով սեփական ձախողումը՝ նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից հորինած պատմություն պատմեց՝ ասելով. «Կարո՞ղ է զանգել ասել են՝ տանկերը քշեք Երևան, ձեր թշամին հրապարակում է»:
Նշենք, որ նմանօրինակ կեղծիքի տարածումը նա իրականացրել է անգամ պատերազմի ժամանակ՝ գրելով, թե օդում կախված տեղեկություններ ունի, իբր, ընդդիմադիրներից ոմանք զորքին հորդորել են չկռվել, մինչդեռ ԱԱԾ-ն հայտնեց, որ նման բան չի եղել: Փաշինյանը նաև անդրադարձավ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված իրավիճակին և արեց մի հայտարարություն, որը Գասպարյանն ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց:
Մասնավորապես, ըստ Փաշինյանի՝ նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կկատարի։ «Չի ասել Գլխավոր շտաբի պետը նման բան։ Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»։ Նա ավելի ուշ, պատասխանելով նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց անգամ, թե կարող են համապատասխան ձայնագրություն հրապարակել:
Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ վերահաստատում է նախկինում արած իր հայտարարությունը, իսկ Փաշինյանին մեղադրել է իրականությունը խեղաթյուրելու և իշխանական լծակները օգտագործելով հանրությանը մոլորության մեջ գցելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում