Հասարակություն 

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

analitik.am

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ դիմորդ,

եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում է ապրիլի 15-ին և ավարտվում մայիսի 10-ին:

Քայլ առաջին. այցելի՛ր www.dimord.am կայք: «Դիմորդ 2021» հղմամբ ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգին, բուհերի ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին, բուհերում դիմում-հայտերի շարժին, թափուր տեղերին, իսկ միասնական քննությունների ավարտից հետո՝ նաև թեստերին և պատասխաններին։

Քայլ երկրորդ. առցանց դիմում-հայտ լրացնելու համար նախ գրանցվի՛ր համակարգում: Գլխավոր էջի վերևի աջ անկյունում առկա են «Մուտք» և «Գրանցվել» բաժինները: Սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա և ծանոթացի՛ր բուհերի ընդունելության կարգի անհրաժեշտ  դրույթներին: Անպայման կարդա՛ կարգը, հետո միայն սեղմի՛ր «Ծանոթ եմ 2021 թ. ՀՀ բուհերի ընդունելության կարգին» դաշտի վրա, որից հետո էկրանին կհայտնվի «Գրանցում» պատուհանը:

Քայլ երրորդ. առաջին տողում «ԳԹԿ անձնական համարի» տակ լրացրու՛ այն թիվը, որը քեզ հատկացրել է դպրոցը: Եթե նախորդ տարիների կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտ ես, ապա ԳԹԿ անձնական համար ստացի՛ր քո բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցից:

Քայլ չորրորդ. նշի՛ր անունդ: «Էլեկտրոնային հասցե» բաժնում լրացրու՛ քո իրական, գործածվող էլեկտրոնային հասցեն, քանի որ հետագա բոլոր գործողությունների մասին տեղեկատվությունը տրամադրվելու է հենց այդ էլեկտրոնային հասցեին: Գաղտնաբառ պատուհանում ստեղծի՛ր բոլորովին նոր գաղտնաբառ (ոչ թե քո էլեկտրոնային հասցեի գաղտնաբառը) ու անպայման հիշի՛ր այն, քանի որ միայն այդ գաղտնաբառով կարող ես մուտք գործել համակարգ: Քո ստեղծած նոր գաղտնաբառը կլինի միայն dimord.am-ինը:

Քայլ հինգերորդ. «Նույնականացման ծածկագիրը» գրելու համար անհրաժեշտ է լրացնել բոլոր տվյալները և սեղմել «Ուղարկել» կոճակը, որից հետո քո նշած էլ. հասցեին կուղարկվի «Նույնականացման ծածկագիրը»:

Լրացնելով բոլոր դաշտերը՝ սեղմի՛ր «Գրանցվել» դաշտի վրա, որից հետո էկրանին տե՛ս քո անձնական էջը՝ դիմում-հայտով: Կբացվի պատուհան, որի բովանդակությունն անպայման կարդա՛։ Կայքում քո լրացրած տվյալները՝ բուհը, մասնագիտությունը և մասնագիտության համար սահմանված քննական առարկաները, համարվում են ընդունելության պաշտոնական դիմում-հայտ: Կայքում գրառումները պետք է կատարվեն բացառապես հայերեն:

Եղի՛ր ուշադիր. եթե տվյալներում կան անճշտություններ կամ կարիք կա փոփոխությունների, ապա կայքում կարող ես համապատասխանաբար ուղղել կամ կատարել փոփոխություններ վերը նշված ժամկետում:

Դիմում-հայտում կեղծ տվյալներ լրացնելու և/կամ ներկայացնելու դեպքում դիմորդը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քայլ վեցերորդ. մասնագիտության ընտրության և ընդունելության քննության կամ քննությունների ընտրության դիմում-հայտում լրացրու՛ անունդ, հայրանունդ, ազգանունդ, անձնագրիդ տվյալները, ծննդյանդ տարեթիվը և սոցիալական քարտիդ համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հավաքի՛ր տասը հատ 0:

Ներկայացրու՛ երկու հեռախոսահամար՝ բջջային կամ քաղաքային, որոնք մշտապես հասանելի են։ Նշի՛ր սեռդ, գրի՛ր անապահովության միավորը, եթե այդպիսին կա, քաղաքացիությունդ: Ճշգրիտ լրացրու՛ ուսհաստատությունն ավարտելու տարեթիվը:

Քայլ յոթերորդ. սեղմի՛ր «Միասնական և կենտրոնացված քննության մասնակցության վճարի» դաշտը, նշի՛ր վճարի չափը և ներբեռնի՛ր անդորրագիր(եր)ը։ Մեկ քննություն հանձնելու դեպքում ընտրի՛ր 1500, 2-ի դեպքում՝ 3000, իսկ եթե վճարից ազատված ես, ընտրի՛ր 0 և ներբեռնի՛ր վճարից ազատումը հավաստող փաստաթուղթը։

Քայլ ութերորդ. եթե մասնակցելու ես ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին, ապա «Մասնակցում եմ» դաշտում ընտրի՛ր «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտը:

Եթե դիմում ես Արցախի Հանրապետության բուհեր, ՀՀ ոստիկանության, Պաշտպանության նախարարության և այլ ուսումնական հաստատություններ, որոնք ընդգրկված չեն կայքում առկա ՀՀ բուհերի ցուցակում, և չես մասնակցում ՀՀ բուհերի մրցույթին, ապա ընտրի՛ր «Միայն քննություններին» դաշտը:

«Միայն քննություններ» դաշտը կարող ես ընտրել նաև, եթե որոշել ես ուսումը շարունակել հեռակա համակարգում և քննության գնահատականը հետագայում ներկայացնել համապատասխան բուհ։

Քայլ իններորդ. հաջորդիվ կբացվի մասնագիտությունների ցանկը. դու կարող ես նշել 1 մասնագիտություն (անվճար և վճարովի) և այդ մասնագիտության համար քննությունը կամ քննությունները:

Եթե նախորդ տարվա շրջանավարտ ես և ուզում ես պահպանել նախորդ տարվա միասնական քննության գնահատականը, ապա «Քննություններին և ՀՀ բուհերի մրցույթին» դաշտն ընտրելուց հետո սեղմի՛ր «Պահպանում եմ» կամ «Պահպանում կամ հանձնում եմ» կոճակներից մեկը՝ նշելով ԳԹԿ նախորդ տարվա քո անձնական համարը, իսկ եթե այն մոռացել ես՝ դիմի՛ր Գնահատման և թեստավորման կենտրոն:

Քայլ տասներորդ. եթե դեռևս չունես ատեստատ կամ դիպլոմ, ապա ընտրի՛ր «Դեռ չունեմ ավարտական փաստաթուղթ» դաշտը: Եթե ունես ավարտական փաստաթուղթ, ստուգի՛ր՝ արդյոք ճի՞շտ է լրացված ավարտական փաստաթուղթ տրամադրած ուսումնական հաստատության անվանումը:

«Ավարտական փաստաթղթի տեսակ» դաշտում ընտրի՛ր ատեստատ կամ դիպլոմ, ապա նշի՛ր փաստաթղթի համարը: Եթե քո ավարտական փաստաթուղթն ատեստատ է, սեղմի՛ր «Ատեստատ»-ը, լրացրու՛ գրանցման սերիան և համարը, նույնը՝ դիպլոմի դեպքում: Եթե ավարտական փաստաթղթի տեսակը նշված է ատեստատ, նշի՛ր ավարտական քննություններից ստացածդ գնահատականները:

Քայլ տասնմեկերորդ. նախապես ընտրի՛ր գնահատման համակարգը: Ավարտական փաստաթղթի բոլոր գնահատականները պետք է նշել: Եթե տվյալ առարկայից գնահատական չունես, ապա համակարգը համապատասխան դաշտում կներմուծի 0: Եթե մեկից ավելի օտար լեզուներից ունես գնահատականներ, ապա օտար լեզուների դաշտում ցանկից ընտրի՛ր և մուտքագրի՛ր քո ուսումնասիրած օտար լեզվի գնահատականը:

Քայլ տասներկուերորդ. եթե ունես արտոնություն՝ մեդալակիր ես կամ հանրապետական օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիր կամ ունես նպատակային ուսուցման ուղեգիր, ապա համապատասխան նշում արա՛:

Եթե որոշել ես մասնակցել Պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա նշի՛ր այն: Որևէ արտոնություն ունենալու դեպքում՝ այն նշի՛ր։ Եթե ծանոթ չես արտոնությունների վերաբերյալ կետերի բովանդակությանը, ապա սեղմի՛ր ցանկացած կետ և ծանոթացի՛ր տվյալ կետի բովանդակությանը: Արտոնությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնել Ձեր նախընտրած բուհ։

Քայլ տասներեքերորդ. բոլոր արված նշումներդ կարող ես նորից ստուգել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ ես լրացրել արդյոք, թե՞ ոչ: Կարող ես փոխել, ըստ անհրաժեշտության՝ հանել նշումը և նորից լրացնել: Համոզվելուց հետո, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմի՛ր հաստատել կոճակը, որից հետո համակարգը կփակի քո էջը:

Քո լրացրած դիմում-հայտը կհասցեագրվի այն էլեկտրոնային հասցեին, որը դու լրացրել ես։ Հաստատելուց հետո՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն, կարող ես այցելել www.dimord.am կայք, «Մուտք»-ի վրա սեղմելով՝ գրել նույն էլեկտրոնային հասցեն և նույն գաղտնաբառը և բացել քո դիմում-հայտը։ Դրանում կարող ես փոփոխություններ կատարել կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել հայտից:

Եթե Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտության դիմորդ ես, ապա զինկոմիսարիատների կազմած անձնական գործերով, հաշվառման և ռազմաբժշկական փորձաքննության ուղեգրման նպատակով պետք է ներկայանալ Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով։

Այս և նախորդ տարիների շրջանավարտների գործերի ընդունելությունը տեղի կունենա ապրիլի 15-ից մինչև մայիսի 7-ը՝ ժամը 11:00-ն։

ՀՀ ԶՈՒ-ից զորացրված կամ այս տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների գործերի ընդունելությունը տեղի կունենա հունիսի 23-ից մինչև հունիսի 30-ը՝ ժամը 11։00-ն։

Ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողովում հաշվառվելուց հետո բոլոր դիմորդները կուղեգրվեն ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական պոլիկլինիկա՝ ռազմաբժշկական փորձաքննության։

Փորձաքննությունն անցած դիմորդը ռազմաբժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը պետք է ներկայացնի ռազմաբժշկական ֆակուլտետի ընդունող ենթահանձնաժողով, որից հետո միայն կլրացնի դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը։

Սիրելի՛ դիմորդ,

եթե էլեկտրոնային համակարգից օգտվելը քեզ համար անհաղթահարելի դժվարություն է, ապա կարող ես դիմել ԳԹԿ անձնական համար տրամադրած դպրոց և խնդրել՝ քեզ գրանցել համակարգում։ Դա կարվի բացարձակապես անվճար։

Մաղթում ենք հաջողություն»:

Նույն շարքից