Հասարակություն 

Պատերազմից հետո Տաթև Խաչատրյանն ավելի է արժևորում բժիշկ դառնալու որոշումը

analitik.am

 

Սպիտակ բանակի կրտսեր զինվորներից մեկն էլ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Տաթև Խաչատրյանն է: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության մեքենաներով մեկնել է Արցախ՝ Ստեփանակերտ, վիրավորներ տեղափոխելու:

«Հասել եմ մինչև Հադրութ, Տող, Խոջալու: Վիրավորների տեղափոխել ենք Գորիսի հիվանդանոց, նաև Սիսիան, հետո նորից վերադարձել ենք Արցախ: Օրերով տուն չենք գնացել»,-պատմում է ապագա բժիշկը:

Պատերազմի առաջին օրերին Տաթև Խաչատրյանը վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու կամավոր աշխատանքն իրականացրել է ԵՊԲՀ 4-րդ կուրսի ուսանող Վահե Գրիգորյանի հետ, որի եղբայրը՝ ժամկետային զինծառայող Արման Գրիգորյանը, որ տանկիստ էր, զոհվեց Վարանդայում:

«Մենք նրա մայրիկին խոստացանք, որ Վահեին էլ չենք տանի, և արդեն Արցախ գնում-գալիս էի ընկերներիս, երբեմն՝ անծանոթների հետ»,- ասում է ապագա բժիշկը, որի ցանկությունն է եղել՝ առավելագույնը ներգրավվել վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման աշխատանքներին:

«Պատերազմի օրերին վախն ինձ համար տասներորդական գործոն էր: Կարծում եմ՝ առաջնագծում մեր կարիքը կար: Տեղափոխել ենք ծանր վիրավորումով զինվորների, եղել են դեպքեր, որ շտապօգնության մեքենայում տղաներին միացված է եղել արհեստական շնչառության սարք»,-պատերազմի ծանր ժամանակհատվածն է հիշում ապագա բժիշկը:

Նրանց շտապօգնության բրիգադը երբեմն ստիպված է եղել վիրավորի կյանքը փրկելու համար փակ ճանապարհներ հաղթահարել:

«Տող գյուղում էինք, հետո դուրս եկանք: Հոսպիտալում էինք, ծանր վիրավոր բերեցին, Հադրութից Ստեփանակերտ տեղափոխոցինք, ամբողջ ճանապարհին զգացմունքնես, արցունքներս չէի կարողանում զսպել: Կրակոցներ, անընդհատ պայթյուններ, ծանր օր էր ինձ համար»,- վերհիշում է Տաթև Խաչատրյանը:

Ապագա բժիշկներն աշխատել են նույնիսկ տագնապի ազդանշանի պայմաններում, բուժօգնությունը չեն ընդհատել անգամ, երբ լսել են տարածքում թշնամու դիվերսիոն փորձի մասին:

«Եղել են պահեր, որ ԱԹՍ-ներ են ընկել մեզնից մի քանի մետր հեռավորության վրա: Մենք՝ ուսանողներով, առաջին օգնություն ենք ցուցաբերել, դեղորայքային ներարկում ենք արել, ինչ որ այդ պահին անհրաժեշտ է եղել: Հիշում եմ՝ Վահեի հետ Հադրութում էինք, մեքենայում վիրավոր զինծառայողն արնահոսում էր, ես ոտքն էի գրկել, Վահեն երակային ներարկում էր կատարում, քանի որ գլյուկոզա չունեինք, հիշեցի, որ պայուսակում շոկոլադ ունենք, վիրավորին տվեցինք: Փառք Աստծո, դուրս եկանք այդ դժվար իրավիճակից, հիմա այդ տղան մայիսին մեզ հրավիրել է մասնակցելու իր նշանադրությանը: Պատմում էր, որ կամավոր է մեկնել պատերազմ: Գիտակցությունը մթագնած էր, ամբողջ ճանապարհին անընդհատ խոսում էինք նրա հետ, կատակում էինք, հարցեր տալիս: Իմացանք, որ սիրած աղջիկ ունի, բայց չէինք մտածում, որ ինքը կհիշի զրույցը: Ասում է՝ այդ պահին մտածում էի, եթե այս մարդիկ փրկեն իմ կյանքը, ամբողջ կյանքս երախտապարտ եմ լինելու և, երբ հասցրինք Ստեփանակերտի հիվանդանոց, իջեցրինք, կանգնել էի քարացած ու ոչինչ չէի զգում, այդպիսի զգացողություն կյանքում առաջին անգամ ունեցա: Կարծես ուսերիս վրայից ծանր քար ընկավ, որ շատ բժիշկներ կան ու կփրկեն վիրավորի կյանքը: Բժիշկներն ասացին՝ ապրեք, որ կարողացաք ապահով տեղ հասցնել վիրավորին: Ոտքը, ձեռքը վիրահատեցին, բարեբախտաբար, զարկերակը չէր վնասվել», -նշում է ապագա բժիշկը:

Նա խոստովանում է, որ պատերազմն իր կյանքում շատ բան է փոխել՝ կյանքի հանդեպ հայացքը:

«Սկսել եմ արժևորել ամենակարևորը, մանրուքներին նայել մատների արանքով: Մի քանի անգամ մահվան գիտակցումը քեզ հանգեցնում է մի կետի, որ հասկանում ես՝ մարուքներն այնքան կարևոր չեն, որքան մենք դրանք արժևորում են: Պետք է ընկերների, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, անընդհատ կարդալ: Յուրաքանչյուր ազատ րոպեն պետք է օգտագործել նոր բան կարդալու, սովորելու համար, որովհետև ինչքան ժամանակն առաջ է գնում, դու հասկանում ես, որ ինչ-որ մեկի կյանքը կարող է կախված լինել քեզնից: Օրինակ, այն պահին, երբ գլյուկոզայի լուծույթ չունեինք, ու մարդն արնահոսում էր, մենք ունեինք շոկոլադ, պակասը փորձեցինք այդպես լրացնել»,-պատմում է Տաթև Խաչատրյանը՝ խոստովանելով, որ իր մասնագիտության մեջ սխալվելը կարող է ճակատագրական լինել:

Ըստ նրա՝ ամեն անգամ լինում է մեկ հնարավորություն, որը պետք է այնպես օգտագործել, որ չսխալվես: Պատերազմից հետո նա ավելի է արժևորել բժշկի մասնագիտությունը: Ընդհանրացնելով պատերազմի մարտիկների կերպարը՝ ապագա բժիշկն ասում է. «Զինծառայողներն ինձ համար զարմանալիորեն ուժեղ էին, անգամ ցավերի մեջ ասում էին՝ շուտ ապաքինվեք, որ հետ գնանք առաջնագիծ: Ապշում էի՝ ինչպես կարող են նրանք կրկին այդ դժոխքը գնալու ցանկություն ունենալ»:

ԵՊԲՀ ուսանողի խոսքով՝ անսասան էր հայրենիքը պաշտպանելու զինծառայողների ձգտումը: Հայրենիքից հետո նրանց կյանքում ամենակարևորը սիրելի էակներն էին՝ մայրը, քույրը, սիրած աղջիկը: Նրանց անվտանգության համար էին հայրենիքի պաշտպանները, ապագա բժշկի խոսքով, կռվում մինչև վերջին փամփուշտը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

 

Նույն շարքից