Տնտեսություն 

«Արաքս թռչնաֆաբրիկայի» բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

«Արաքս թռչնաֆաբրիկան» բաց նամակով դիմել է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ անդրադարձել է Զատիկի տոնի օրերին ձվի դեֆիցիտի խնդրին:

Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը. «Մեծարգո պարոն Վարչապետ

2021թ. ապրիլի 14-ին ՀՀ ազգային ժողովի ամբիոնից՝ ձվի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ Ձեր կողմից հնչեցված հայտարարության կապակցությամբ, այն է՝ «տնտեսվարողները պլանավորում են, որ սեզոնին ներքին առաջարկը չի հերիքելու, և ձու պետք է ներկրեն, և ճանապարհին սովորականի նման իրենց պլանավորած ձուն ներկրում էին (…) երեկ ինձ ներկայացրեցին, որ այդ ձուն, որ նախատեսված էր Զատիկին ներկրել Հայաստան, ներկրվել է Զատիկից հետո, Զատիկից երկու-երեք օր հետո», «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲ ընկերությունը հայտնում է իր խորը մտահոգությունը, քանի որ համապատասխան գերատեսչությունների կողմից Ձեզ ներկայացվել է փաստերը խեղաթյուրող տեղեկատվություն։

Մասնավորապես՝

1․դեռևս Զատիկից շատ առաջ՝ 2021թ. փետրվարի 12-ին, Ընկերությունը դիմել է պետական մարմիններին հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար՝ կանխատեսելով, որ 2020թ. անբարեխիղճ մրցակցության հետևանքով ոլոտում առաջացած խնդիրները հանգեցնելու են շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի:

2․Միաժամանակ 2021թ. փետրվարի 22-ին ՀՀ թռչնաբույծների միությունը՝ ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությամբ, դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին, որով հայտնել են Հայաստանի Հանրապետության շուկայում հավի սննդային ձվի դեֆիցիտի և դրա ներմուծման անհրաժեշտության բացակայության մասին՝ վստահեցնելով, որ շուկայում արտադրանքն ամբողջությամբ բավարարում է ներքին պահանջարկը:

3․Այնուհետև 2021թ. մարտի 1-ին Ընկերությունը կրկին անգամ դիմել է հավի սննդային ձվի ներմուծման թույլտվություն ստանալու համար: 2021թ. մարտի 3-ին վերը ներկայացված երկու թույլտվությունների մասով ստացվել է մերժում:

4․Այնուամենայնիվ Ընկերությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետություն հավի սննդային ձվի ներմուծման գործընթաց, որը, պայմանավորված ավտոճանապարհների անցանելիության հետ կապված խնդիրներով, Հայաստանի Հանրապետություն է հասել և շուկա է մտել միայն 2021թ. ապրիլի երկրորդ տասնօրյակում, սակայն, պետք է արձանագրենք, որ հավի սննդային ձվի ներմուծված քանակությունը հեռու էր ծածկելու շուկայի դեֆիցիտը:

Մեծարգո պարոն Վարչապետ

Վերոգրյալ փաստերը վկայում են այն մասին, որ Զատիկին ձվի շուկայում առաջացած խնդիները պայմանավորված չեն միայն Լարսի անցակետում առաջացած խոչընդոտներով, ինչպես Ձեզ ներկայացվել է մի շարք պետական մարմիննների կողմից։

Ընդհակառակը՝ հավի սննդային ձվի շուկայում խնդիրները նոր չեն, և գալիս են դեռևս 2019թ-ից: Ընկերությունը մտահոգ լինելով ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, բազմաթիվ անգամներ հանդիպումներ է ունեցել ոլորտը կարգավորող պետական մարմինների հետ, ինչպես նաև գրավոր դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ որպես կապող օղակ՝ քննարկելու և լուծումներ տալու ոլորտում առկա խնդիրներին, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այդպես էլ հարցին ընթացք չի տրվել:

Իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունները միտված են ոչ թե ոլորտում առկա մրցակցային խնդիրների կանխարգելմանը, այլ միայն առաջացած խնդիրների արձանագրմանը և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հաճախ ոչ օբյեկտիվ պատասխանատվության միջոցների կիրառմանը, ինչն էլ հանգեցնում է առաջացած խնդիրների խորացմանն ու ոլորտի շարունակական քայքայմանը:

Ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը և հանձնարարականը համապատասխան գերատեսչություններին՝ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկումների շարք սկսելու և լուծումներ տալու հարցում:

Հ.Գ. Ձեր ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքին, որ հետպատերազմյան ծանր իրավիճակում կանգնած լինելով հայոց բանակի կողքին՝ առաջնագծում զինվորների արժանապատիվ ծառայության կազմակերպման նպատակով կառուցվել է շարժական կացարան, որը պետք է կրեր շարունակական բնույթ: Կացարանը 2021թ. փետրվարի 17-ին մեր ուժերով տեղափոխվել է համապատասխան վայր, սակայն մինչ օրս ինչ-ինչ պատճառներով չի հանձնվել շահագործման: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը:

ՀՀ թռչնաբույծների միության և ոլորտի որոշ տնտեսվարողների հետ համատեղ գրությունը, տեղադրում ենք մեկնաբանությունում»:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից