Տնտեսություն 

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները․ Վահե Դավթյան

analitik.am

 

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՍԸ

Վրաստանում կառուցվող Նամախվանի ՀԷԿ-ի շուրջ ծավալվող բարդ գործընթացները թեև ներկայացվում են զուտ էներգետիկ ու բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սակայն ունեն ընդգծված աշխարհաքաղաքական նշանայություն: Ավելին՝ դրանք առավել քան կարևոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները գնահատելու համար:

ՀԷԿ-ը կառուցվում է թուրքական ընկերության կողմից, որին, ինչպես հայտնի է, վրացական կառավարությունը 90 տարի ժամկետով փոխանցել է Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետի՝ Ռիոնիի օգտագործման իրավունքը: Դրանից բացի, թուրքական ընկերությունը սեփական հայեցողությամբ կարող է շահագործել գետի ավազանի տարածքը՝ 13,4 հազ. քկմ, ինչպես նաև գետի ամբողջ ֆլորան ու ֆաունան: Արդյունքում փաստացիորեն թուրքական ընկերությունը հնարավորություն է ստանում վերահսկելու Վրաստանի ու Ռուսաստանի միջսահմանային գոտին, ինչը չի կարող չանհանգստացնել Վրաստանում թուրքական էքսպանսիյի ռիսկերն օբյեկտիվորեն գնահատողներին: Դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել նաև Մոսկվային, որը դեռևս սահմանափակվում է փորձագիտական կոշտ գնահատականներով:

Գրեթե ամենօրյա ռեժիմով Վրաստանում անց են կացվում բազմահազարանոց բողոքի ակցիաներ (Քութաիսիում մասնակիցների թիվը գերազանցել է 15 հազարը), որտեղ այլևս հնչեցվում են ոչ միայն բնապահպանական, այլ նաև՝ քաղաքական ու ավելի հաճախ՝ հակաթուրքական դրույթներ:

Պատահական չեն վերջին շրջանում թուրքական ու ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակվող նյութերը՝ Վրաստանում ՛՛հակաթուրքական հիսթերիայի՛՛ գեներացման մասին: Վերջերս էլ խնդիրը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, ինչի վառ դրսևորումներից է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հայտարարությունը՝ ուղղված ՀԷԿ-ի կառուցման տարածքում ցուցարարների կողմից քրիստոնեական խաչի տեղադրման դեմ: Հետևաբար, Նամախվանի ՀԷԿ-ն այլևս սոսկ տնտեսական նախագիծ չէ, այն ձեռք է բերել ընդգծված մշակութային, անգամ քաղաքակրթական նշանակություն: Ցուցարարների շարքերում վրաց հոգևորականների մշտական ներկայությունը դրա վառ ապացույցներից է:

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չափազանց կարևոր են նաև մեզ համար: Դրանք ցույց են տալիս Թուրքիայի հետ խորը տնտեսական ինտեգրման իրական հետևանքները:

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ:

Այս ճշմարտության վրա է պետք կառուցել Հայաստանի ապագան»:

Նույն շարքից