Հասարակություն 

Գարիկ Բալայանը պատերազմի օրերին տեսել և սովորել է այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել

analitik.am

 

Կամավորագրված ապագա օրթոպեդ-վնասվածքաբանն օր ու գիշեր աշխատելով տեսել և սովորել է այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել

Պատերազմի ընթացքում ԵՊԲՀ սովորողների ներգրավվածությունը հայրենիքի պաշտպաններին բուժօգնություն ցույց տալու գործին ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բժիշկը կոչված է բուժել ու փրկել կյանքեր ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ: Նրանցից շատերը կամավորագրվել են պատերազմի առաջին օրը` գիտակցելով՝ ուր են գնում, ինչ նպատակով:

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գարիկ Բալայանն Արցախի դեմ սկսած պատերազմի մասին լուրն իմանալուն պես` առանց երկմտելու, կամավորագրվել է և սեպտեմբերի 27-ին մի խումբ բժիշկների հետ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Քանի որ Գորիսի հիվանդանոցն արդեն համալրված էր մասնագետներով, նրանց առաջարկում են միանալ շտապօգնության թիմին և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:

«Ամենադժվարը պատերազմի առաջին օրերն էին. միաժամանակ 60-ից 70 վիրավոր էին տեղափոխում, որոնց ըստ անհրաժեշտության ուղարկում էինք համապատասխան բաժանմունքներ: Նրանք այնպիսի վնասվածքներ ունեին, ինչպիսիք մենք նախկինում չէինք տեսել: Դրանք հիմնականում՝ բեկորային, բազմաբեկորային, ցածր արագություն ունեցող տրավմաներ էին: Փամփուշտային վիրավորում, գրեթե, չենք հանդիպել»,- նշում է ապագա օրթոպեդ-վնասվածքաբանը` ավելացնելով, որ ամենածանր օրը Շուշի քաղաքի ռմբակոծության օրն էր, երբ հիվանդանոցը միաժամանակ ընդունել է 200-ից 300 վիրավոր:

«Կատարում էինք ցանկացած հնարավոր գործ, որը կարող էր նպաստել աշխատանքի արագ և արդյունավետ կազմակերպմանը»,-հավելում է օրդինատորը: Մասնագիտական կայացման ճանապարհին կանգնած սովորողը պատերազմի օրերին գտնվել է մի միջավայրում, որտեղ ականատես է եղել այնպիսի վնասվածքների և վիրավորումների, որոնց այլ պայմաններում դժվար թե երբևէ հանդիպեր:

«Առանձնահատկությունն այն էր, որ բժիշկների աշխատանքը ոչ թե անհատական էր, այլ ցանկացած իրավիճակներում պահանջվում էր թիմային աշխատանք՝ տարբեր մասնագետների ներգրավվածությամբ»,-փաստում է կամավորագրված սովորողը` ընդգծելով` չնայած գերլարված աշխատանքին` անհրաժեշտություն էր առաջանում կարդալ մասնագիտական գրականություն՝ սխալներից ու բացթողումներից խուսափելու համար:

«Ինչպես ասվում է՝ պատերազմում արագ են սովորում: Ցանկացած բան, ինչը չգիտեինք և հնարավոր չէր պատկերացնել, սովորեցինք օր ու գիշեր՝ 24 ժամ, աշխատելու արդյունքում»,-ավելացնում է նա:

Գարիկ Բալայանն ընտրել է բժշկի մասնագիտությունը` հետևելով ծնողների օրինակին: Թեպետ երազում էր ստոմատոլոգ դառնալու մասին, սակայն ընդունվելով Ընդհանուր բժշկության ֆակուլտետ` փոխել է որոշումը՝ հետագայում ընտրելով այնպիսի մասնագիտացում, որն օգնում է հիվանդին արագ ոտքի կանգնել:

Ապագա վնասվածքաբան-օրթոպեդին պատերազմի օրերին ամենից շատ տպավորել են 18-20 տարեկան զինվորները, որոնք, չնայած տարբեր աստիճանի ծանր վիրավորումներին, առանձնացել են խիզախությամբ: «Ես համոզվեցի, որ սահմանին կանգնած զինվորն ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի»,-եզրափակում է կամավորագրված ԵՊԲՀ սովորողը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Նույն շարքից