Հասարակություն 

Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը կանցկացվի մայիսին

analitik.am

 

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ:

Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նույն օրը բեմում հանդես կգան նաև միրզոյանական առաջին մրցույթի հաղթողները: Մայիսի 11-ին Կոմպոզիտորների միությունում կկայանան երկու տարիքային խմբերի մրցութային փուլերը, իսկ մայիսի 13-ին՝ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի շրջանակում կհնչեն մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների ստեղծագործությունները:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ ընդգրկվելով տարիքային երկու խմբերում: Կրտսեր խմբի ներկայացուցիչները  (մինչև 13 տարեկան) պետք է ներկայացնեն 1 ստեղծագործություն՝ գրված ցանկացած գործիքի համար (առավելագույնը՝ 10 րոպե տևողությամբ), իսկ ավագ խմբի մասնակիցները (14-18 տարեկան)՝ մինչև 4 գործիքի համար գրված 1 ստեղծագործություն (առավելագույնը՝ 15 րոպե տևողությամբ):

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, խրախուսական նվերներով, կունենան ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում ձայնագրվելու հնարավորություն, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ նաև պատվոգրերով և մրցույթի անվանական գավաթներով: Նախատեսվում են նաև դրամական պարգևատրություններ երկու խմբերի հաղթողների և մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների համար:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի ֆեյսբուքյան էջին մինչև մայիսի 8-ը՝ կցելով անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, հայտաձևը, նաև ստեղծագործության նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթեռնելի) տարբերակով):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 055 07 07 80 հեռախոսահամարով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից