Իրավական Տեսանյութեր 

Ոստիկանություն-ԱԱԾ համագործակցության հերթական արդյունքը. երկու տղամարդ կալանավորվել է /Տեսանյութ/

analitik.am

 

Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 31 և 30 տարեկան երևանցի երկու երիտասարդ, հանցակից այլ անձանց հետ, պարբերաբար գողություններ են անում մայրաքաղաքի առևտրի կենտրոններից, այլ կերպ ասած` մոլերից:

Օպերատիվ աշխատանքին միացան նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողներ:

Օպերատիվ-հետախուզական տվյալներն ամբողջացան: Պարզվեց, որ երիտասարդները ստեղծել են կազմակերպված խումբ, ներառել են կանանց ու անչափահասների, նաև ձեռք են բերել ապրանքն ապակոդավորելու հատուկ սարքավորումներ, և արդեն տևական ժամանակ, նախօրոք դերաբաշխում կատարելով, տարբեր մոլերից գողացել են հագուստ ու այլ իրեր:

Կազմակերպված խմբի կողմից գողության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ: Ապրիլի 13-ը հանգուցալուծման օրն էր:

Հերթական գողությունները կատարելուց անմիջապես հետո Երևանի Արշակունյաց-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեցին կազմակերպիչներից մեկն ու հանցավոր խմբի անդամ, դեռևս անչափահաս մի պատանի` իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով: Նույն ժամին Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման ենթարկվեցին մյուս կազմակերպիչն ու խմբի մեկ այլ անդամ` 34-ամյա մի տղամարդ` իր վարած «ԲՄՎ»-ով:

Ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են առևտրի կենտրոններից հափշտակված մեծ քանակի հագուստ ու այլ իրեր:
Կազմակերպիչները կալանավորված են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից