Իրավական Տեսանյութեր 

Հարևանի տանն ամուսինը սպանել է կնոջը /Տեսանյութ/

analitik.am

 

Ապրիլի 20-ին, ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ:

Բժիշկներին, սակայն, մնում էր միայն արձանագրել կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ:

Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր մեկնեցին Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: Համատեղ միջոցառումներով էլ պարզվեց, որ դեպքը կատարվել է Շիրակացու փողոցում. կինը վնասվածքը ստացել էր հարևանի տնակում:

Ըստ նախնական տեղեկության` ամուսինը վերադարձել էր տուն, կնոջը չգտնելով` գնացել էր հարևանի տնակ, վիճել կնոջ հետ և դանակահարել նրան:

Ահազանգից կես ժամ անց 69-ամյա ամուսինը բերման ենթարկվեց Մուշի բաժին, խոստովանեց արարքը և ձերբակալվեց:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից