Իրավական Հասարակություն 

Եվ որևէ այլ մոտեցում, քան իրավականն է, դատախազությունն ունենալ չի կարող․ Աբրահամյան

analitik.am

 

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի նախաձեռնողները և մասնակիցները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջում էին այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրեական գործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։

Թերևս ավելորդ է հիշեցնել, որ դատախազության հիմնական սահմանադրական գործառույթներից մեկը քրեական վարույթների օրինականության նկատմամբ հսկողության իրականացումն է՝ այդ վարույթների շրջանակներում իրականացվող գործողությունների օրինականության ստուգման և համապատասխան գնահատականներ տալու միջոցով։

Եվ որևէ այլ մոտեցում, քան իրավականն է, որը կարող է և պետք է ձևավորվի միայն ու միայն իր վերոնշյալ սահմանադրական գործառույթի իրականացման արդյունքում, դատախազությունն ունենալ չի կարող։

Կոնկրետ իրավիճակում իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, և ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների, տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ու բնականաբար, ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։

Առավելևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ և, բնականաբար, ներկայացվելու դեպքում դրանք ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասսխաններ կամ կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ։

Հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում իր ծառայողական պարտականությունները կատարելիս ինքնազգացողության վատացում ունեցած և հիվանդանոց տեղափոխված ոստիկանության աշխատակցին»։

Նույն շարքից