Բարի օր Քաղաքականություն 

Ես միշտ պայքարել ու պայքարելու եմ ոչ թե հանուն ինչ-որ անձի, այլ՝ հանուն եռագույն Հայաստանի. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

2018 թվականի այս օրը ես այն մարդկանցից էի, ով ուներ բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները մերժելու Սերժ Սարգսյանին: Ես ունեի բոլոր պատճառներն աղաղակելու, գոռալու ամենավերջին բառերն այն «ռեժիմի» հասցեին, որին մերժում էր Նիկոլը: Ի դեպ, Նիկոլը չուներ այդ պատճառները, քանի որ «ռեժիմը», որին ինքը մերժում էր, ժամանակին իրեն ներել էր:

Այդ պատճառներն այնքան ցավոտ ու ցայտուն էին, որ իմ ծանոթներից, մտերիմներից, հարազատներից շատերը չհասկացան, թե ինչու ես մերժողների առաջին շարքերում չէի: Աննկարագրելի դժվար էր հաղթահարել այդ ներքին պայքարը. Հասկանում ես, որ պետության շահերից է բխում «ռեժիմի» մնալը, միևնույն ժամանակ, գիտակցում ես, որ պետք է այնքան ուժեղ լինես, որ կարողանաս ներել «ռեժիմին» աններելին ու ոչ միայն չմերժես, այլ փորձես օգնել. պահն էր այդպիսին, կշեռքին դրված էր պետության գոյության հարցը:

Շատ սակավաթիվ մտերիմներ, ովքեր նկատում էին այդ շրջանում իմ ապրումներն, ինձ շատ են օգնել հաղթահարել այդ ծանր փուլը: Մի օր գուցե պատմեմ այն եզակի մարդկանց մասին, ովքեր իրոք մեծատառով ընկերներ են, իրական ընկերներ…

Այդ օրերին իմ համար, սակայն, ամենատարօրինակն այն էր, որ երբ կարդացի Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն, ի զարմանս ինձ, անկեղծորեն տխրեցի, ոչ թե ուրախացա: Ես գիտեի, որ այդ պահից սկսած մենք մխրճվում ենք քաոսի մեջ, որից գուցե դուրս չգանք կամ էլ դուրս գանք մեծ կորուստներով: Ժամանակն ապացուցեց, որ, ցավոք, չեմ սխալվել:

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ, այո, կային բազմաթիվ պատճառներ «ռեժիմին» մերժելու, ուղղակի պետք է հասկանաս՝ արդյոք դրանք ավելին են, քան քո տեսակի գոյության հարցը: Ի վերջո, դու կամ կռվում ես քո տեսակը, սկզբունքները պահելու համար կամ բավարարվում մի կտոր հացի դիմաց ինչ-որ ազգի ստրուկի կարգավիճակով: Ես իմ ընտրությունը վաղուց կատարել եմ, ու վստահ եմ, որ ես իրոք մենակ չեմ, այն մարդիկ էլ, ովքեր ինձ չհասկացան 2018-ին, այսօր պետք է որ արդեն հասկացած լինեն, և իրենք էլ կատարեն այդ ընտրությունը....

Ես միշտ պայքարել ու պայքարելու եմ ոչ թե հանուն ինչ-որ անձի, այլ հանուն եռագույն Հայաստանի, ու միշտ մերժելու եմ ոչ թե անձերին, այլ այն ամենն, ինչը սպառնում է Հայաստանի ու հայի գոյությանը:

Անի Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից