Քաղաքականություն 

Քաղաքական հաշվեհարդար․ երբ իրենից բողոք են արտահայտում, նա նրանց խուլիգան է անվանում․ Գրիգորյան

analitik.am

 

Երբ Նիկոլ Փաշինյանին չընդունեցին Սյունիքում՝ արդարացիորեն ներկայացնելով իրենց բողոքը, մենք տեսանք, որ սրան հաջորդեց քաղաքական հաշվեհարդարը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մարդուն մեղադրում են խուլիգանության մեջ այն դեպքում, երբ վերջինս իջել է իր բնակիչների մոտ եւ փորձել է հասկանալ՝ ինչ է կատարվում՝ հնարավոր բախումները կանխելու համար։ Այս մարդկանց նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է, որն ուղեկցվում է նաեւ ձերբակալություններով, ստորացումներով, անհամաչափ ուժի կիրառմամբ։ Սա պետք է դատապարտելի լինի բոլորի կողմից։ Ես ակնկալում է, որ մի շարք պատգամավորներ այսօր այստեղ կլինեին՝ հստակ քաղաքական եւ իրավական գնահատականներով։

Ինձ համար այնքան տարօրինակ է, երբ երկրի ղեկավարը մի մարզ է գնում եւ ասում է՝ խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, դրան հաջորդում են ծափահարություններ, բայց երբ մի մարզ է գնում, երբ իրենից բողոք են արտահայտում, նա նրանց խուլիգան է անվանում։ Դա նույն ժողովուրդն է, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներն են, այդ ի՞նչ որակումներ են։

Կարծում եմ՝ եւ՛ երկրի ղեկավարը, եւ՛ իշխանության ներկայացուցիչները պետք է շատ ավելի մեծ հարգանք ցուցաբերեն ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական եւ քաղաքացիական հայացքներ ունեն վերջիններս»,- նշեց նա։

 

Նույն շարքից