Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու որեւէ անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
«Ձերբակալումն անհետաձգելի գործողություն է այն իմաստով, որ անձին ձերբակալում են, եթե այդ պահին հանցանք է կատարում, ձերբակալում են, որ չկատարի հանցանքը։ Ձերբակալում են, որպեսզի հանցանքի կատարելուց անմիջապես հետո չդիմի փախուստի։ Եթե ասում են՝ ձերբակալում ենք, դա բոլոր պայմանների խախտմամբ է։ Զաքարյանը գործընկերոջս հետ միասին գնում են Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղ հարցնում են՝ Զաքարյանի հետ որեւէ գործողություն ունե՞ք անելու, ասում են՝ ոչ։ Եթե իրեն պետք է ձերբակալեին, որ չթաքնվի, հենց այդ պահին ուրեմն պետք է ձերբակալեին։ Գալիս են տուն, հետո ասում են՝ հրավիրում ենք ձեզ բաժին, այսինքն՝ կրկին հիմքեր չկան ձերբակալելու, հետո գալիս է Երեւան, 10։35-ին Երեւանում է, կրկին չեն ձերբակալում մինչեւ 14։30-ին»,- նշեց Սարգսյանը։
Երեմ Սարգսյանն անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցած մարզային հայտնի խորհրդակցությանը՝ նշեց, որ խորհրդակցությունն անօրինական էր.
«Քանի որ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել կոնկրետ խորհրդակցություն, իսկ այդ խորհրդակցությունը բավականին անօրինական էր, որովհետեւ դրան մասնակցում էին ոստիկանապետը, ԱԱԾ պետը, Քննչական կոմիտեի գնդապետը, Դատախազության ներկայացուցիչը։ Այնտեղ ուղիղ հանձնարարություններ են տրվում ՀՀ վարչապետի կողմից, ընդ որում, այս հանցագործությունով իրենք եթե իրենք հարուցում են քրեական գործ, ուրեմն այս առումով որպես լրացուցիչ օբյեկտ պետք է լինի նաեւ տուժող։ Գուցե այստեղ մի օր վարչապետին ճանաչեց տուժող, բայց պարզվում է՝ տուժողը ցուցումներ էր տալիս, որպեսզի իրավապահ մարմինները կոնկրետ գործողություններ կատարեին»։