Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում բուհերը ևս լծվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի քարոզին

analitik.am

 

Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստվել է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության բոլոր անդամներին հորդորելով պատվաստվել: Նա նաև դիմեց ՊՆ նախարարին՝ կարծիք հայտնելով, որ պետք է պատվաստումներ սկսվեն նաև ԶՈւ-երում:

Փաշինյանը երկրորդ անգամ խիստ տոնով պատվաստումների մասին խոսեց արդեն խորհրդարանում, երբ քննարկվում էր վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության հարցը: Այստեղ նա ոչ միայն բոլորին հորդորեց պատվաստվել, այլ նաև ասաց, որ դա պետք է անել հրապարակային:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան է բերվել ինչ-որ խմբաքանակի պատվաստանյութ, որն արագ սպառելու անհրաժեշտություն կա: Սա անուղղակիորեն հաստատվում է նաև հենց Փաշինյանի խոսքերով՝ կառավարության նույն նիստի ժամանակ, երբ նա հայտարարեց. «Մենք պետական միջոցներ ենք օգտագործում այդ պատվաստանյութերը բերելու համար: Մենք Ռուսաստանի հետ արդեն պայմանավորվածություն ունենք, որ 1 միլիոն դոզա պատվաստանյութ ենք ստանալու: Մյուս գործընկերներից էլ ենք մեծ քանակով բերելու:

Պատկերացրեք, պետական ահռելի միջոցներ ծախսենք, բերենք դրանք ու վերջում պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում: Կստացվի շատ վատ բան՝ կրկնակի, եռակի նեգատիվ էֆեկտ»:

Տարբեր աստիճանի պաշտոնյաներ արդեն լծվել են Փաշինյանի հրամանը կատարելուն՝ ոչ միայն պատվաստվում են, այլ նաև լուսանկարներ են հրապարակում ու հայտնում այդ մասին: Սակայն, սայլը տեղից չի շարժվում:

Այսօր Փաշինյանն Առողջապահության նախարարությունում հայտնել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքացիներից կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 5000-ը, ինչը բավարար ցուցանիշ չէ։

Բացի Նիկոլ Փաշինյանի կարգադրությունից, պարզվում է, որ քաղաքացիներին ամեն կերպ պատվաստվելու քարոզի գործին լծվել են նաև բուհերը: Մասնավորապես խոսքը վերաբերում է ԵՊՀ-ին, որտեղ ուսանողներին նամակ է ուղարկվում՝ հայտնելով, թե ինչ պետք է անել, եթե ցանկություն կա պատվաստվելու:

 

 

Նույն շարքից