Միջազգային Քաղաքականություն 

Ընդդիմադիր պատգամավորն Էրդողանին գնդակահարելու ակնարկ է արել

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել իր մասին գրառում կատարած Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այքութ Էրդողդուին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Էրդողդուն իր գրառմամբ տեղեկացրել էր, որ իշխանամերձ «ATV» և «Sabah» լրատվական հոլդինգների լրագրողները թիրախավորել են իրեն։ Լրագրողները զանգահարել են պատգամավորի մերձավոր շրջապատի կանանց ու հարցրել, թե արդյոք ինտիմ հարաբերություններ ունեն նրա հետ: Ընդդիմադիր պատգամավորը ստեղծված համակարգի գլխավոր մեղավոր է համարել Էրդողանին։

«Իմ միակ ցանկությունն այն է, որ մի օր դատվեք հանցագործության՝ հայրենիքի դավաճանության համար: Դրա շնորհիվ ոչ ոք նման հանցագործություններ չի կատարի»,- գրել է Այքութ Էրդողդուն։

Այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել իշխող կուսակցության շարքերում, և կառավարության մի շարք անդամներ ու կուսակցական գործիչներ արդեն հակադարձող գրառումներ են արել՝ դատապարտելով ընդդիմադիր պատգամավորի գրառումը, որում անուղղակիորեն ակնարկ է արվում Էրդողանին գնդակահարության դատապարտելու անհրաժեշտության մասին:

Էրդողանի փաստաբաններն էլ արդեն հասցրել են հայց ներկայացնել դատախազություն՝ պահանջելով 250 հազար լիրայի փոխատուցման պահանջով դատավարություն սկսել ընդդիմադիր պատգամավորի դեմ: Հայցի հիման վրա արդեն հետաքննություն է սկսվել:

 

Նույն շարքից