Հասարակություն 

Սարգսյան եղբայրների փեսան ու գեներալ Միհրանի քեռորդին բիզնես գործընկերներ են եղել «հեղափոխությունից» հետո. Հետք

analitik.am

 

Hetq.am-ը գրում է.

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը 2019 թ. մայիսին համատեղ ընկերություն է հիմնել Տիգրան Հարությունյանի հետ, ով ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին է եւ ԱԺ նախկին (2017-2019 թթ.) պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրը:

Տիգրան Հարությունյանը հանրությանն առավել հայտնի է որպես երեւանյան «կարմիր գծերի» շահագործող «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատեր: Մեծ աղմուկ հանած այս ընկերությունը, հիշեցնենք, հետագայում անցավ Երեւանի քաղաքապետարանին: Տ. Հարությունյանը նաեւ շինարարական «Միկշին» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Այս ընկերությունն է իրականացրել, մասնավորապես, Երեւանի Երազ թաղամասի կառուցապատումը:

Շատվորյանն իր հերթին վարչապետ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Սարգսյանի փեսան է՝ քրոջ ամուսինը: Ըստ պաշտոնական կենսագրության՝ Շատվորյանը մինչեւ 2019 թ. պետական համակարգում պաշտոն չի զբաղեցրել, 2019-2020 թթ. եղել է սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական, իսկ 2020-ի փետրվարին Ն. Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ: Մասնագիտությամբ դեղագետ է, նախկինում աշխատել է դեղագործական ընկերություններում:

Թերեւս պատահական չէ «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Արթուր Շատվորյանի ու Տիգրան Հարությունյանի հիմնած ընկերության անունը՝ «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ: Գործընկերների բաժնետոմսերի հարաբերակցությունը եղել է 50-50: Պատահական չէ նաեւ երեւանյան ընկերության հասցեն՝ Ադոնցի 8, որը հենց Երազ թաղամասի նորակառույցներից է:

«Թավշյա հեղափոխության» անունով եւս մի ընկերություն՝ «Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ, Արթուր Շատվորյանը հիմնել է այդ իրադարձությունից շաբաթներ անց՝ 2018 թ. հուլիսին, Երեւանում: Նա այս ընկերության միակ սեփականատերն է մինչ օրս:

«Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ-ից ու «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ից բացի՝ Ա. Շատվորյանը 2014-2018 թթ. 50 տոկոս մասնակցություն է ունեցել «Բոնի Ֆրի» ՍՊԸ-ում, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվել է հանրային սննդի կազմակերպմամբ, սակայն ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ընդ որում՝ այս ընկերությունը գրանցված է երեւանյան այն նույն հասցեում, ինչ «Վելվետ հոլդինգ» ՍՊԸ-ն, նույնն է նաեւ գործունեության տեսակը, երկուսն էլ նմանապես ժամանակավոր չեն գործում:

2020-ի փետրվարին ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ նշանակվելուց գրեթե մեկ տարի անց՝ 2021-ի հունվարին («Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է 30-օրյա ժամկետ), Ա. Շատվորյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր: Այդտեղ նա նշել է, որ 100 տոկոս մասնակցություն ունի մեկ ընկերությունում՝ «Վելվետ Հոլդինգ» ՍՊԸ-ում: Մասնակցության չափը նշել է 30 հազ. դրամ, չնայած պետռեգիստրում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը ընդամենը 5000 դրամ է: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնի ստանձնման օրը Շատվորյանը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել այս ընկերության իր փայաբաժինը:

Պաշտոնյային հարցրել ենք, թե ինչու չի հայտարարագրել 2019 թ. մայիսին Տիգրան Հարությունյանի հետ հիմնած «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ն: Ի պատասխան՝ Ա. Շատվորյանը նշել է, որ 2019-ի դեկտեմբերից այս ընկերության սեփականատեր չէ, քանի որ վաճառել է իր 50 տոկոս բաժնեմասը: Մենք չենք կարող հաստատել այս տեղեկությունը, քանի որ իրավաբանական անձանց պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը, որպես կանոն, չեն նշվում: Դրանց տվյալները պահվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Այդուհանդերձ, նույն պետռեգիստրում բաժնետերերի տվյալները ճշտելու որոշ ուղիներ կան, եւ ըստ այդմ բաժնետերերի փոփոխություն այս ՓԲԸ-ում չի եղել (չի բացառվում, որ տվյալները պարզապես չեն թարմացվել): Մյուս կողմից՝ պետռեգիստրում կարելի է գտնել «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ի կանոնադրությունը՝ հաստատված 2019-ի մայիսին հիմնադիրներ Տիգրան Հարությունյանի եւ Արթուր Շատվորյանի կողմից (տես ստորեւ): Կանոնադրությունը, համաձայն պետռեգիստրի, եւս փոփոխության չի ենթարկվել, չնայած դա չի նշանակում, թե բաժնետերերը պարտադիր մնացել են նույնը:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալից հետաքրքրվել էինք, թե ինչով է զբաղվում «Վելվետ Բիլդինգը», արդյոք դրա գործունեությունը շինրարարությունն է (հաշվի առնելով ընկերության անունը), հարցրել էինք նաեւ, թե ինչ հարաբերություններ ունի գործարար Տիգրան Հարությունյանի հետ՝ բացի նրանից, որ գործընկերներ են: Ա. Շատվորյանը պատասխանել է. «Հիմնադրման պահից մինչեւ ինձ պատկանող բաժնեմասի վաճառքը «Վելվետ Բիլդինգ» ՓԲԸ-ն ֆինանսատնտեսական որեւէ գործունեություն չի ծավալել: Իսկ այս պահին նշված ընկերության գործունեության մասին ես որեւէ տեղեկություն չունեմ: Նշված պատճառներով որեւէ գործընկերային հարաբերություն չունեմ Տիգրան Հարությունյանի հետ»»:

Առաջին լուսանկարում՝ Արթուր Շատվորյանը, Հայկ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը (ձախից աջ)

Նույն շարքից