Հասարակություն 

3 միլիոն 523 հազար եվրոյի ներդրում` Վանաձոր և Լեռնապատ համայնքներում

analitik.am

 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է իրականացնել Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը (ՀԵԾ 2 ՓՈՒԼ 3), որի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր և Լեռնապատ համայնքներում մեկնարկել են լայնածավալ աշխատանքներ։

Վանաձորում նախատեսվում է 13,93 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, 3 ջրընդունիչների կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 22,87 կիլոմետր բաշխիչ ցանցի կառուցում և 9,79 կիլոմետր երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը 1127 է։ Ծրագրի հաջող ավարտից հետո քսանչորս ժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Վանաձորի Բազում ևԴիմաց թաղամասերի և հարակից տարածքների՝ ավելի քան 4500 բնակչի։ Ներդրումը կկազմի 3 միլիոն 348 հազար եվրո։

Լեռնապատում նախատեսվում է

Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում, 6,8 կիլոմետր երկարությամբ բաշխիչ ցանցի վերակառուցում, մոնտաժվող մուտքագծերի երկարությունը կազմում է 1,5 կիլոմետր, անհատական տնային միացման ջրաչափական հորերի թիվը 151 է։ Ծրագրի հաջողա վարտից հետո, քսանչորս ժամյա գրաֆիկով՝ խմելու ջուրը կհասնի Լեռնապատ համայնքի՝ ավելի քան 600 բնակչի։ Աշխատանքների իրականացման համար ներդրումը կկազմի 175 հազար 264 եվրո։

Արդյունքում Վանաձոր և Լեռնապատ համայնքներում վերը նշված աշխատանքների համար նախատեսվում է իրացնել 3 միլիոն 523 հազար եվրո, որը տրամադրվում է ՀՀ կառավարության, Գերմանական վերակառուցման վարկերի բանկի (KFW) և Եվրոպական միության (Հարևանության ներդրումային գործիք) կողմից։

Նույն ծրագրի շրջանակներում շուտով աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի Ամրակից, Անտառամուտ, Ձորագյուղ, Գուգարք, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան և Վահագնի համայնքներում։ Լոռիում այս փուլում նախատեսվում է ներդնել 6 միլիոն 963 հազար եվրո։

Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի մասնակցությամբ։

 

Նույն շարքից