Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Իշխանությունն ընդունել է օրենք, որով հարուցվել է զրո քրեական գործ

analitik.am

 

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չի եղել, արտակարգ դրություն հայտարարելը եղել է ապօրինի։ Այս մասին Իշխանության ձախողված «պայքարը» փաստագրական ֆիլմում ասել է «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանը նշել է, որ արտակարգ դրություն հայտարարելու կարևորագույն պայմանն է առկա սահմանադրական կարգին անմիջական վտանգը, այսինքն պետք է լիներ անմիջական սպառնացող վտանգ, ինչը չի եղել համավարակի դեպքում. «Եղել է վտանգ ժողովրդի առողջությանը, բայց ոչ բուն սահմանադրական կարգին, ուստի այն ի սկզբանե ապօրինի է եղել:

Միակ իրական նպատակը, որը հետապնդել են այս իշխանությունները՝ հայտարարելով արտակարգ դրություն, եղել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը: Այդ միակ նպատակին հասան, իսկ մնացած ամենը թատրոն էր, որը կոչված էր տպավորություն ստեղծելու, իմիտացիա ստեղծելու ինչ-որ գործողության ու իբր թե իշխանությունների մտահոգության մասին՝ ժողովրդի առողջության վերաբերյալ»:

Աթանեսյանի խոսքերով, այն, որ արտակարգ դրությունը հայտարարվել է քաղաքական նպատակներով, հիմնավորվում է նաև նրանով, որ Հայաստանում այդ պահին գործում էին դեռևս 1998 թվականին ընդունված օրենքներ՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ու բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքները. «Այդ օրենքներն ամբողջությամբ բավարար էին անելու այն, ինչ արվեց այս ընթացքում»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ ի սկզբանե կորոնավիրուսի դեմ որևէ լուրջ պայքար չի վարվել:

Աթանեսյանը խոսել է նաև օրենքներում կատարված փոփոխությունների ու ընդունված նոր օրենքների մասին. «Երբ իշխանությունն ինքն է անլուրջ մոտենում իր ընդունած օրենքներին, կամ այդ օրենքներով սկսում է ինքն իրեն հակասել, դա հանգեցնում է իրավական նիհիլիզմի:

Ես առավել քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում էր պաշտպանվել կորոնավիրուսից, իսկ օրենսդրությունը դրան պետք է օգներ, սակայն մեզ մոտ արվեց հակառակը:

Ինչպիսի կարգապահություն էինք ակնկալում մեր քաղաքացիներից, երբ երկրի առաջնորդը հայտարարում է, թե ում շունն է կորոնավիրուսը: Այդ ամենից հետո պատժիչ օրենք են սահմանում դիմակ չկրելու համար, դա մեծ հիմարություն էր պետության կառավարման մեջ: Բացի հիմարությունը, բա հետևանքը, հազարավոր մահերը, հիվանդները»:

Աթանեսյանն ընդգծել է, որ կառավարության նախաձեռնությամբ նաև փոփոխություններ են կատարվել մի շարք օրենքներում, որոնք հաճախ ոչ միայն անտրամաբանական են եղել, այլ նաև անհամատեղելի են եղել ՀՀ օրենսդրության հետ:

«Ընդունվել են զուտ ձևական օրենքներ, որոնք այդպես էլ չեն կիրառվել: Օրինակ 124.1 հոդվածով 2021 թվականի մարտի 20-ի դրությամբ հարուցվել է 0 քրեական գործ»,-ասել է նա։

Նույն շարքից