Քաղաքականություն 

Նիկոլական պրոպագանդայի կողմից Սերժ Սարգսյանի և Քոչարյանի կերպարները մեջտեղ բերելը աշխատում է․Զուրաբյան

analitik.am

 

Հայաստանում այսօր կա մի մեծ զանգված, որը պատրաստ է պահպանել անմեղսունակ ղեկավարին միայն ելնելով այն վախից, որ նրա այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Հիմա նիկոլական պրոպագանդայի կողմից Սերժ Սարգսյանի և Քոչարյանի կերպարները մեջտեղ բերելը աշխատում է: Շատերը այդ վտանգից դրդված պատրաստ են պաշտպանել մի մարդու, որի գործողությունները կազմաքանդում են Հայաստանը, և պետք է մի բան անել, որ այդ վախը դուրս գա»,-ասաց նա՝ Նիկոլ Փաշինյանին անվանելով աղետաբեր ու ոչ կոմպետենտ:

Դիտարկմանը, թե ինչու էր Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին համագործակցում այդ «ոչ կոմպետենտ» անձի հետ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.

«Ժողովրդին ոգևորելու հարցում ինքը եղել է կոմպետենտ, բայց մենք երբեք չենք նախատեսել իր համար պետական կառավարման որևէ դեր: Մենք շատը լավ հասկացել ենք, որ նա իրականում պետական լավ կառավարիչ չի: Ինքը ոգևորելուց լավ է, մնացած բոլոր բաներից՝ զրո, եթե ոչ մինուս: Դա պրոբլեմ է երկրի համար»:

Հարցին, թե եթե 2008-ին Տեր-Պետրոսյանին հաջողվեր վերցնել իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր ստանալո՞ւ, իրեն միայն օգտագործել են ժողովրդին ոգևորելու համա՞ր, նա պատասխանեց.

«Ոչ մեկ ոչ մեկին չի օգտագործել, ինքն ինքնուրույն է եկել, միացել շարժմանը: Սա չի նշանակում, որ մենք պատրաստվում էինք պաշտոն տալ իրեն: Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են դա անելու»:

Նույն շարքից