Քաղաքականություն 

Վտանգավոր պրոցեսներ են ընթանում միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքում՝ Սյունիքում, նորից շատերիս դա չի վերաբերում․Ջուլֆալակյան

analitik.am

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համոզված եմ, շատերս ենք տարբեր քննարկումների ժամանակ լսել (որոշներս նաև բանավիճել), թե ինչու՞ ցեղասպանության իրականացման տարիներին(որն ընդմիջումներով տասնամյակներ է տևել՝ 1894-1896թթ համիդյան ջարդերից մինչև 1915թ...) մեր նախնիները ճիշտ ժամանակին չեն հասկացել թուրքերի կողմից իրականացվող բացահայտ ազգակործան քաղաքականությունը և անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել։

Միթե՞ այդ մասշտաբի վայրագությունները՝ մի ամբողջ ազգի ցեղասպանությունը, հնարավոր էր գաղտնի անել, այնպես, որ նույն ազգի մյուս ներկայացուցիչները չնկատեին, կամ այնքան էլ լուրջ չվերաբերեին...
Ցավոք սրտի, նման հարցերի պատասխանը ստանում ենք այսօր, մեր՝ տարածքով փոքր երկրում, երբ մեզանից բառացիորեն մի քանի կմ այն կողմ՝ մեր հայրենիքի մեկ այլ հատվածում, տեղի էր ունենում ահավոր պատերազմ, իսկ մենք դրա  ընթացքի մասին ունեինք գծայնորեն հակառակ պատկերացում։
Հիմա էլ, երբ բացահայտ վտանգավոր պրոցեսներ են ընթանում միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքում՝ Սյունիքում, նորից շատերիս դա չի վերաբերում՝ հանգիստ ենք...

Եվ այդ ամենը տեխնոլոգիաների և տեղեկատվության հասանելիության ժամանակաշրջան համարվող 21-րդ դարում։ Էլ ու՞ր մնաց հսկայական Օսմանյան կայսրության տարածքը և տվյալ ժամանակի կապի միջոցները։
Այնպես որ, այսուհետ, երբ ինչ որ մեկը որոշի քննադատել դարեր առաջ մեր նախնիների հետ տեղի ունեցած բացասական տարբեր պատմական դեպքեր, թող նախ և առաջ մտածի այսօրվա իրադարձությունների մասին։
Հասկացող մարդու համար ամեն բան այնքան ակնհայտ է։ Ցավոք, միայն հասկացողների համար...
հ.գ.ունիկալ են փոքր ու միջին տարբեր պաշտոնյաները, ովքեր իրար հերթ չտալով տարածում են պաշտոնական լրահոսը։ Դուք ձեզ դու՞ր եք գալիս։ Ընդամենը վեց ամիս առաջ մի ամբողջ ազգով հավատացինք այդ լրահոսին ու  հայտնվեցինք այս վիճակում։ Գոնե հիմա ամաչեք ինքներդ ձեզանից ու լուռ մնացեք։ Պատասխանտվության չենթարկվելը երկար չի տևելու...»:

 

Նույն շարքից