Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի ՌԴ-ից

analitik.am

 

ՀՀ առողջապահության նախարարությունը տուլարեմիայի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի Դաշնությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է իրականացնել պատվաստումներ տուլարեմիայի դեմ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով:

«Պատվաստանյութն արտադրվում է բազմադեղաչափ՝ 30, 35, 40, 45 և 50 դեղաչափ սրվակներով, որի արդյունքում պատվաստանյութի կորուստը լինում է բավականին բարձր՝ տարեկան միջին կորուստը կազմելով 50-60 տոկոս, քանի որ սրվակը բացելուց հետո պատվաստանյութը թույլատրվում է օգտագործել միայն երկու ժամվա ընթացքում: Հաշվի առնելով այս հանգամանքը, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պատվաստումները կազմակերպվում են միաժամանակյա՝ անտեղի կորուստից խուսափելու նպատակով:

Վերջին 3 տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում եղել են դժվարություններ, քանի որ պատվաստանյութի արտադրության հետ կապված առկա են որոշ առանձնահատկություններ: Մասնավորապես շուկայում հայտնի է միայն մեկ արտադրող՝ Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորումը:

Ըստ ««Միկրոգեն» գիտա­արտադրական միավորում» ԲԸ-ի կողմից ներկայացված գնային առաջարկի, տուլարեմիա պատվաստանյութի 1 դոզայի գինը կազմում է 109.15 ռուբլի (767.3 դրամ՝ մայիսի 13-ի փոխարժեքով- խմբ.), իսկ բոլոր ծախսերը և հարկերը ներառված` 875.11 ՀՀ դրամ» ԲԸ-ից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Պետության 2021 թվականի կարիքների համար պատվաստանյութի գնումը նպատակահարմար է իրականացնել առողջապահության նախարարության կողմից` Ռուսաստանի Դաշնության «Միկրոգեն» գիտաարտադրական միավորման հետ մեկ անձից գնում իրականացնելու միջոցով:

Նույն շարքից