Հասարակություն Միջազգային 

ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում․․․

analitik.am

 

Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Եվրոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝  հակամարտության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության  ու նրանց կյանքի վերադառնալուն օգնելու նպատակով»,- նշել է  Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել  տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման  ուղղություններով»,- նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և  կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝  սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝  տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման  միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման  վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում, և հավելում, որ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Նույն շարքից