Իրավական Միջազգային 

Արցախի ՄԻՊ-ը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

analitik.am

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Այս մասին հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը»,- նշել է Ստեփանյանը:

Նա իր գործընկերոջը ներկայացրել է 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները:

«Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերի է պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում: Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»,- նշում են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները:

Նույն շարքից