Ռազմական 

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներ անցկացրել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ

analitik.am

 

Չորրորդ զորամիավորումում մայիսի 17-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստմանը նվիրված հավաք-խորհրդակցություն: Քննարկվել  են զորավարժության սցենարով նախատեսված միջոցառումները, մշակվել է գործողությունների հաջորդականությունը, ըստ ուղղությունների՝ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներքին և պահակային ծառայության կազմակերպման, ռեժիմային օբյեկտների պահպանության և մարտական հերթապահության իրականացման ստուգման նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը մայիսի 12-ից 16-ը ստուգումներ է անցկացրել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Ստուգվել են անձնակազմի կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանության կազմակերպումը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Ելնելով արձանագրված արդյունքներից՝ տրվել են ցուցումներ ծառայության որակի բարձրացման վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում մայիսի 17-ին անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել են ինժեներական և ամրաշինական աշխատանքների ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ցուցումներ մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի զարգացման նպատակով 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ` կրակային դիրքերի փոփոխումով։ Ստուգվել է հաստիքային զենքով կրակի վարման անհատական վարժվածությունը, խմբային գործողությունների կատարման հմտությունները։

Նույն շարքից