Գլխավոր Քաղաքականություն 

Անելու ենք ամենադաժան վենդետաները, կադրային ջարդերը, այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Ինչպես 2018 թվականի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են ու ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում ու կատարել են տրոյական ձիու դերակատարում:

Տվեք այդ կադրային ջարդն անելու մանդատն ու մենք բոլոր այդ տրոյական ձիերին դուրս կշպրտենք ՀՀ պետական համակարգից: Այս մասին Թալինում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու: Այսօր տարբեր նախընտրական հավաքներից լուսանկարներ են ուղարկում, որ մարդիկ, այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով:

Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ մարդկանց տանում են հավաքների իրենց վարչական լծակներն օգտագործելով»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ վերոնշյալը քրեորեն պատժելի է, սակայն դրա համար կան իրավական ընթացակարգեր. «Հիմա ես ուղիղ ասում եմ, որ ընտրություններից հետո լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի: Այն հիմնարկի ղեկավարները, ովքեր հարկադրանքի են ենթարկել իրենց աշխատողներին, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաներին»,-հավելեց նա՝ նշելով, որ այդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, այնտեղ լինելու են արտահերթ ընտրություններ:

 

Նույն շարքից