Առողջապահություն 

Մի՛ օգտագործեք կասկածելի ջուր․ Աղիքային վարակիչ հիվանդությունները շոգին ակտիվանում են

analitik.am

 

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա շոգ եղանակին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով:

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճին և բազմացմանը:

Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են թույլ իմուն համակարգ ունեցող անձինք` երեխաները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցողները:

Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք հիմնականում պայամանավորված են սննդային գործոնով, այդ թվում` դեպքեր են արձանագրվել նաև մանկական նախադպրոցական կազմակերպություններում:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է․

լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,

մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով,

սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,

շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,

խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,

մի՛ օգտագործեք կասկածելի ջուր։ Եթե Ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,

աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի,

ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:

 

Նույն շարքից