Քաղաքականություն 

Ազգային հերոսի դստեր գրառումը, ով մասնակցում է ընտրություններին

analitik.am

 

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայ Յեղափոխական Դաշնակցությունից առաջարկ ստացա և կայացրի շատ պատասխանատու որոշում՝ մեր հայրենիքի համար չափազանց դժվար, ճակատագրական փուլում միանալու «Հայաստան» դաշինքին։

Արդեն 8 ամիս է, որ պարտությամբ հպարտ, պարտություն պարտադրող, ատելությամբ իշխանության եկած կառավարությունը էլ ավելի է սրում ատելությունը երկրի ներսում։

Հային հայի թշնամի դարձնելով փորձում են ճանկռելով փրկել իրենց անփառունակ իշխանությունը։ Սակայն հայրենազրկության հասցրած, ողբերգություն, մահ ու տառապանք սփռած կառավարությունը պետք է հեռանա։

Որքան էլ փորձում ենք գտնել տարբեր երանգներ մեր կյանքում, բայց կարծես թե կանգ ենք առել նոյեմբերի 9-ի նսեմացուցիչ իրականությունում, երբ համայն հայությունը սարսափելի ցնցում ապրեց՝ լսելով կապիտուլյացիոն դավաճանագրի ստորագրման լուրը։

Արցախյան ազատամարտում մեր հաղթանակներով դրվեց մեր պետականության հիմքը։ Հորս՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, նրա բոլոր զինակից ընկերների սրբազան զոհողությամբ, մեր ժողովրդի հավաքական մաքառման, կորուստների, նվիրումի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիք Արցախը՝ իր գրեթե բոլոր շրջաններով, որը խորհրդային տարիներին մաս-մաս նվիրվել էր թշնամուն։

Սրբազան զոհողությամբ մեզ ժառանգված սրբազան հայրենիքը սկուտեղի վրա տասնյակ հազարավոր նոր զոհերի, վիրավորների, հայրենազրկման գնով նվիրվեց թշնամուն։

Չգիտակցեցին, որ առանց Արցախ չկա Հայաստան ու առանց Հայաստան չկա Արցախ։

Նրանք, ովքեր չհասկացան, այս պարզ ճշմարտությունը՝ Արցախը «կույր աղիք» կարծելով` Հայաստանը դարձրին տարածաշրջանային «կույր աղիք» :
Եվ, այսօր վտանգված են Սյունիքը, Տավուշն ու Գեղարքունիքը։

Գործող իշխանությունն իր ապազգային քաղաքականությամբ գրեթե հարյուր տարի մեզ ետ տարավ։ Եվ հիմա պնդում է, որ ապագա կա։
Այո՛, ապագա կա, բայց այդ ապագան չի կարող լինել ազգային ինքնության ողնաշարը կոտրած, մեր ինքնությունը մեզնից խլել փորձող պարտված իշխանությունների հետ։

Քանի որ Արցախը քաղաքականություն չէ, Արցախը մեր ինքնությունն է։

Հայրենիքը «դժգույն ու դժբախտ» համարողները պարտադրում են թշնամու հետ «հարևանության, խաղաղության» կեղծ օրակարգ:

Մինչդեռ հային պարտադրված պարտությամբ տարածաշրջանում արժանապատիվ խաղաղություն չի՛ կարող լինել։

Հայ մարդն իր հայրենիքում միմիա՛յն արժանապատիվ պետք է ապրի:

Հետևաբար, այս ընտրությունները հերթականը չեն, դրանք մեր նորագույն պատմության ամենավճռորոշ ընտրություններն են՝ հունիսի
20-ին որոշում է մեզնից յուրաքանչյուրը՝ հայկական պետականություն լինելու՞ է, թե՝ ո՛չ։ Հայն իր հայրենիքում արժանապատիվ ապագա ունենալու՞ է, թե՝ ոչ։

Ես ունեմ մեր հայրենիքի վաղվա օրվա իմ տեսլականը։ Միայն հզոր, ուժեղ, գիտելիքահեն պետականության պայմաններում է հնարավոր վերականգնել պատմական արդարությունը։
Ես ընտրում եմ ուժեղ Հայաստանը։ Իսկ դու՞ք․․․․

Ասպրամ Կրպեյան

Նույն շարքից